Նեղ մասնագետը պոլիկլինիկայում առաջ կարող էր ստանար 250–300 հազար դրամ, այսօր, կախված նրանից, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ կարող է ստանալ, հայտարարել է Ավանեսյանը
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերը ոչ թե մնացել են նույնը, այլ բարձրացել են, հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Փողը չի մնացել նույնը։ Դա հունվարին բարձրացված հարց էր, որից հետո շատ բան է փոխվել։ Մեր բժիշկները ևս արդեն շատ հմտացել են այս համակարգով աշխատելու մեջ։ Հակառակը՝ փողը բարձրացել է»,– ասել է Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ բուժաշխատողների աշխատավարձերը դրականորեն փոխվել են։
«Օրինակ՝ նեղ մասնագետը պոլիկլինիկայում առաջ կարող էր ստանար 250–300 հազար դրամ, այսօր, կախված նրանից, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ կարող է ստանալ», – նշել է Ավանեսյնաը։
Նա ընդգծել է, որ սա շարունակական գործընթաց է։
«Մենք հասկանում ենք, որ անընդհատ մեր բուժաշխատողների աշխատավարձերը պետք է բարձրանան՝ կախված նրանց աշխատանքի ծավալից»,– ասել է Ավանեսյանը։
Նա հայտնել է նաև, որ դպրոցներում աշխատող բուժքույրերի մասով հետագայում նախատեսվում են վերանայումներ՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի ծավալն ու բովանդակությունը։
Նախարարի խոսքով՝ բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարելավումը և դրա դիմաց աշխատավարձերի բարձրացումը առաջնահերթություն է։