ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը՝ Իրանի մեկուսացմանը միանալու հարցին․ «Ամեն ինչ քննարկելի է»

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը պատասխանել է ամերիկյան The Hill պարբերականի լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը կքննարկի՞ Իրանի մեկուսացմանը միանալու ԱՄՆ-ի խնդրանքը, եթե այդպիսի առաջարկ լինի: Լրագրողը նկատել է, որ այդպիսի առաջարկ ԱՄՆ-ն արել է իր դաշնակիցներին և գործընկեր երկրներին:

«Աշխարհում չկա որևէ թեմա, որը հնարավոր չէ քննարկել, ամեն ինչ քննարկելի է», – արձագանքել է դեսպան Նարեկ Մկրտչյանը, հայտնում է «Ազատությունը»:

Անդրադառնալով TRIPP ծրագրին՝ Մկրտչյանը նշել է, որ 2027 թվականի սկզբին հնարավոր կլինի անցկացնել TRIPP-ի հիմնարկեքի արարողությունը։ Միաժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը վստահեցրել է, որ ծրագիրն ուղղված չէ որևէ երրորդ երկրի, այդ թվում՝ Իրանի կամ Ռուսաստանի դեմ։

«Մենք այս ծրագիրը կոմունիկացրել ենք նաև մեր հարևան Իրանի հետ: Իրանը մեր անմիջական հարևանն է: Մենք այնտեղ ունենք հայկական համայնք, և մենք պետք է նորմալ հարաբերություններ ունենանք Իրանի հետ և մշտապես ունեցել ենք: Ունենալ խաղաղ սահման Իրանի հետ և ունենալ բարեկամական հարաբերություններ Իրանի հետ նույնպես կարևոր է այս ծրագրի (TRIPP) բարեհաջող իրագործման համար:

Մենք երկխոսություն ենք ծավալել մեր հարևանների հետ, ասելով, որ սա ձեր դեմ չէ: Սա միայն հաղորդակցության, ենթակառուցվածքների, առևտրի մասին է: Եվ սա որևէ կապ չունի հնարավոր ռազմական գործողությունների հետ: Այս կոմունիկացիան մենք պետք է շարունակենք, ցույց տալով բոլոր մանրամասները և փարատել նրանց մտահոգությունները», – ասել է դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն սեպտեմբերի 15-ին պնդել է, որ թեև Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով և համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանից:

Դեսպան Նարեկ Մկրտչյանն ամերիկյան լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է. «Ամեն ինչ որոշվելու է Հայաստանի պետական մարմինների կողմից՝ մաքսային հսկողությունը, հարկերը, արտակարգ իրավիճակները, ոստիկանությունը, անվտանգությունը, ես նկատի ունեմ TRIPP-ի: Դա լինելու է Հայաստանի իրավազորության ներքո: Սա ամենակարևոր սկզբունքներից է, որը հարգվում է և՛ ԱՄՆ -ի, և՛ Ադրբեջանի կողմից՝ վաշինգտոնյան խաղաղության հռչակագրում: Սա նշանակում է, որ Հայաստանը պահպանում է իր ամբողջ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, իր անկախությունը, ինչպես նաև որոշումներ կայացնելու ինքնիշխանությունը»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը սկսել է Ռուսաստանից հեռանալու և դեպի ԱՄՆ շարժվելու գործընթաց, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանն ասել է, որ, իհարկե, գործընթաց կա, սակայն այն վերաբերում է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և դիվերսիֆիկացիային։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a comment