Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում շարունակվում են Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքները։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է եկեղեցու կադրերը։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է 2023 թվականի սեպտեմբերից, այնուամենայնիվ, եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակվում են։ Համենայն դեպս՝ այդ մասին պնդում են Դիլիջան քաղաքի բնակիչները։
Եկեղեցու հիմնարկեքի արարողությանը 2019 թվականին ներկա են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որը հիմա ևս Բաքվում գերության մեջ է գտնվում, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ Սրբազանը, հոգևոր հայրեր, եկեղեցու բարերարներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցներ:
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը նախորդ տարի դրամահավաք էր սկսել, որպեսզի եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակվեն։
Նախատեսվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի 2028 թվականին։