Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ՝ ՀՅԴ-ի դեմ ատելություն և անհանդուժողականություն քարոզող արտահայտությունների համար»:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը խստագույնս դատապարտում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արման Եղոյանի մերժելի, ժողովրդավարական արժեքների հետ որևէ առնչություն չունեցող, հակապետական, ներհասարակական ատելություն և անհանդուժողականություն քարոզող արտահայտություններն ընդդեմ ՀՅԴ-ի:
Արձանագրում ենք, որ դրանք առերևույթ ֆաշիստական գնահատականներ ենև, ըստ էության, քաղաքացիական պատերազմի կոչեր։ Ակնկալում ենք քրեաիրավական գնահատական պատկան մարմինների կողմից։
Պահանջում ենք մեր այս հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հրապարակային կատարված հանցագործության մասին և ըստ ՀՀ օրենսդրության՝ նշյալ անձի հանդեպ նախաձեռնել քրեական վարույթ»։
Սեպտեմբերի 15-ին ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե «Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից, Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»՝ պնդելով, թե դա ֆունդամենտալ անհրաժեշտություն է Հայաստանի հարատևման, անկախության և ինքնիշխանության համար, հայտնում է «Ազատությունը»:
Ի պատասխան՝ դաշնակցական պատգամավորները իշխող ուժի պատգամավորին համեմատել են երիտթուրքերի հետ:
«Ոնց որ թուրքերն էին ասում՝ պետք է մնա մի հայ, այն էլ թանգարանում, նենց էլ դուք եք ասում, որ պետք է մնա մի դաշնակցական», – նշել է «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Դաշնակցական Քրիստինե Վարդանյանն էլ Արման Եղոյանին համեմատել է երիտբոլշևիկի հետ:
«Դուք ունեցաք բառացիորեն ֆաշիստական ելույթ, այո, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ, դուք բառացի նույնը կրկնեցիք: Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը, ինչ որ ունի բոլշևիկյան մտածողությունը», – իշխող պատգամավորին հակադարձել է դաշնակցական պատգամավորը:
Իրադրությունը փորձել է հանդարտեցնել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ընդունելով, որ ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթը «ագրեսիվ էր»՝ Ռուբինյանը նաև փորձել է վերախմբագրել կուսակցի վիճահարույց այն պնդումը, թե «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»: Ռուբինյանի խոսքով՝ Արման Եղոյանը կարող էր ասել, որ Վարդանյանը պետք է լինի այն վերջին կամ առաջին դաշնակցականը, որը կընդունի «իրական Հայաստանի հայեցակարգը և հրաժեշտ կտա վնասակար դաշնակցական գաղափարներին»:
Իշխող ՔՊ-ի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև սուր վեճի պատճառը Կառավարության անդամների երդման տեքստի փոփոխության նախագիծն էր։