Օրբելյան․ Ապօրինի գույքի գործերով հաշտությունը վերացնելու Փաշինյանի առաջարկը խաբեություն է

«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը խաբեություն է որակել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտության հնարավորությունը վերացնելու առաջարկը, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ հանձնարարել է փոփոխել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը և դրանից հանել հաշտեցման դրույթը։ Փաշինյանի խոսքով՝ այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաները մինչ այժմ բավարար ժամանակ են ունեցել, իր բնորոշմամբ, պետությունից թալանածը վերադարձնելու համար, իսկ այժմ հասել է այդ գույքը 100 տոկոսով բռնագանձելու ժամանակը։

«Հաշտության համաձայնությունը 75 %–ը վճարելու պայմանով, ինքնին աբսուրդային է այն տրամաբանության մեջ, ինչ մենք հիմա ունենք։ Ընդ որում այդ 75 %-ը ֆիքսված թիվ չէ, դա այն շեմն է, որից ներքև դատախազությունը իրավունք չունի հաշտվել։ Բայց եթե դատախազությունը համոզված է, իր ապացույցները բավարար են, հակառակ ապացույցներ չկան, գործը հաղթելու է, իմաստ էլ չունի հաշտության ինչ–որ հարց քննարկել»,– ասել է փաստաբանը։

Միաժամանակ, հաշվի առնելով նման գործերով վարույթների անհարկի ձգձգումները, որոնք, Օրբելյանի պնդմամբ, տեղի են ունեցել հենց դատախազության մեղքով, քաղաքացին հաճախ նախընտրել է որոշակի գումար վճարել, ազատվել դատավարական քաշքշուկից և հանգիստ շարունակել զբաղվել իր գործերով։ Սակայն, փաստաբանի խոսքով, դատախազությունը 75 %–ից պակաս գումարի դիմաց հաշտության համաձայնության չի գնացել։

Օրբելյանը նաև ընդգծել է, որ շատ դեպքերում պահանջվող գումարն անհարկի ուռճացված է եղել՝ 100 միլիոն դրամից հասնելով մինչև 10-20 միլիարդի։

«Երբ անձը փորձում է այդ 75%–ը վճարել, առաջանում է մի իրավիճակ, որ ավելի շատ գումար պետք է տա, քան ինքն այդ պահին տիրապետում է։ Հետևաբար ոչ մի տրամաբանություն չկա որևէ հաշտություն ընդհանրապես քննարկել։ Իմաստ ունի գործը շարունակել մինչև վերջ, վատագույն սցենարի դեպքում սնանկանալու է, ինչ ունի, տալու է, բայց մինուս չի գնալու, ինչպես կլինի հաշտության դեպքում»,– ասում է Օրբելյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ օրենքով ամրագրված այս գործիքն ուղղված է եղել ոչ թե արդեն թալանվածը վերադարձնելուն, այլ թալանը թույլ չտալուն և այն կանխարգելելուն։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ նախկին պաշտոնյաները բավականաչափ ժամանակ են ունեցել վճարումներ կատարելու համար, Արամ Օրբելյանը հերթական խաբեությունն է որակել՝ պնդելով, որ իրականում որևէ մեկը գումար վճարելու միջոցով գործընթացն ավարտելու հնարավորություն չի ունեցել։

«Եթե, իհարկե, այսպես ասած` համաձայնեցված խաբեության դաշտ չմտնեին։ Այսինքն` «դուք էս թվերը իջեցրեք, ես էս թվերը ավելացնեմ, սա թանկ գնահատենք, սա` էժան»։ Իսկ սա արդեն լրիվ ուրիշ դաշտ է, որն ավելի շատ խորացնում է կոռուպցիոն պրոցեսը, քան դրա դեմ պայքարում»,– ասում է Օրբելյանը։

2020 թվականին ընդունված և ներկայում գործող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով այն անձը, որի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ է հարուցվել, կարող է հաշտության համաձայնություն կնքել, եթե պարտավորվում է պետությանը փոխանցել ապօրինի գնահատված գույքի արժեքի մինչև 75 տոկոսը։

Գլխավոր դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ ապօրինի ծագման գույքի գործերով մինչ այժմ կնքվել է հաշտության 11 համաձայնություն, իսկ բռնագանձված գումարը գերազանցել է 15 միլիոն դոլարը։

Leave a comment