Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Հայաստանում հանդիպել է Արցախից տեղահանված հայերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց մտահոգություններին և առկա իրավիճակին ծանոթանալու նպատակով, հայտնում է Radar Armenia-ն:
Նա հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, ինչպես նաև փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։
Գրոնոն Երևան էր ժամանել Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների շրջայցին Արցախի տարածքներում, որի ընթացքում Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել է որպես աղվանական:
Գրոնոն հաջորդ օրը Երևանում, Մատենադարան այցից հետո, հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ «նախկին հակամարտությունից տուժած շրջաններում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»: