Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ու 25.000 եվրո կստանա

Բաժանորդագրվել

Մրցանակը տրվում է պատերազմների, բռնության ու հակամարտությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում ներդրում ունեցած անձանց։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակ ստանալու։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի Հեսսեն երկրամասի խորհրդարանի կայքէջից։

Նշվում է, որ մրցանակը շնորհվում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։

«Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին կլինի Վիսբադենում, որտեղ ժամը 11:00-ին տեղի կունենա Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը վարչապետին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին փետրվարին ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ:

Leave a comment