Քաղաքականություն
15.09.2026 | 21:38
Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկի գործողության երկարաձգումը միայն մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 22-ին կայանալիք նիստը: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը, փոխանցում է Current time-ը։
Սովորաբար պատժամիջոցների այս ծրագիրը երկարաձգվում է վեց ամիսը մեկ։ DW-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հետաձգումը պայմանավորված է ռուսաստանցի գործարարներ Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին պատժամիջոցների ցանկերից հանելու՝ Սլովակիայի և Ֆրանսիայի ցանկությամբ։
EUobserver-ի ֆրանսիացի դիվանագետների շրջանում աղբյուրը Փարիզի՝ Ուսմանովի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու ցանկությունը բացատրել է «ազգային անվտանգության» հարցով։ Նա նաև հայտարարել է, որ Ելիսեյան պալատը ցանկանում է «դրական արձագանքել Ուսմանովի վերաբերյալ միջազգային գործընկերների դիմումներին»։
Financial Times-ն էլ գրում է, որ Փարիզը հանդես է գալիս Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու օգտին՝ որպես Ադրբեջանի կողմից պահվող մի քանի ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման շուրջ համաձայնության մաս։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն՝ Ֆրանսիան ԵՄ անդամ երկրների շրջանում լոբբինգ է իրականացնում այդ հարցով։
Ֆրանսիայի խնդրանքը ցնցել է ԵՄ գործընկեր դիվանագետներին, գրում է լրատվամիջոցը։ Դիվանագետներից մեկն այն անվանել է «ապշեցուցիչ»։ Նշվում է, որ գործարքի շրջանակում պետք է ազատ արձակվեն Ֆրանսիայի մի քանի քաղաքացիներ, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում։
Լյուքսեմբուրգը հրաժարվել է ԵՄ պատժամիջոցները չեղարկելու գաղափարից, սակայն հասկացրել է, որ եթե Ուսմանովը հանվի պատժամիջոցների ցանկից, ապա դրանից հետո անհրաժեշտ է ցանկից հանել նաև Ֆրիդմանին, հայտնել են FT-ի երկու աղբյուրներ։
Անհատական պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, և դրանք կարող են երկարաձգվել միայն միաձայն որոշմամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի