Այսօր կարևոր օր էր Հայաստանի ինժեներական կրթության և արդյունաբերության ապագայի համար․ Գոռ Վարդանյան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեսյբուքի իր էջում գրել է․

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջև ստորագրեցինք ինստիտուցիոնալ համագործակցության հուշագիր։

 

Սա պարզապես համագործակցության փաստաթուղթ չէ։ Սա նոր, երկարաժամկետ և ռազմավարական գործընկերության հիմքն է, որի նպատակն է միավորել կրթության, գիտության և արդյունաբերության ներուժը՝ Հայաստանի տեխնոլոգիական ու մարդկային կապիտալի զարգացման համար։

 

Համագործակցության շրջանակում նախատեսվում է վերակառուցել և արդիականացնել ՀԱՊՀ-ի պատմական թիվ 1 մասնաշենքը՝ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի շենքը, ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ, զարգացնել կրթական ծրագրերը, ընդլայնել ուսանողների գործնական պատրաստվածությունը, իրականացնել կիրառական հետազոտություններ և աջակցել երիտասարդ մասնագետների զարգացմանը։

 

Այս ամենի հիմքում մեր ուսանողն է՝ ապագա ինժեները, գիտնականը և տեխնոլոգիական մասնագետը։

 

Շնորհակալ եմ ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի գործընկերներին՝ վստահության, համագործակցության պատրաստակամության և Հայաստանի կրթական ու մասնագիտական ապագայի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։

 

Վստահ եմ՝ այս գործընկերությունը կդառնա կրթություն–գիտություն–արդյունաբերություն կապի ամրապնդման և

 

Հայաստանի ինժեներական ներուժի զարգացման կարևոր հենասյուն։

 

Այսօր մենք ստորագրեցինք ոչ միայն հուշագիր, այլև միասին ստանձնեցինք Հայաստանի ինժեներական կրթության, գիտության և արդյունաբերության ապագան կերտելու պատասխանատվությունը։

 

Leave a comment