Կանոնիկ եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները կանիծվեն, իսկ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակում արտաքին խաղացողների կողմից կիրառվում են հանցավոր մեթոդներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայ եկեղեցու և անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի դեմ իրականացվող հալածանքների վերաբերյալ հարցին։
«Մենք տեսնում ենք հանցավոր մեթոդներ, որոնք կիրառվում են արտաքին խաղացողների կողմից… Սա նույնիսկ միջամտություն չէ, այլ այն ամենի ոչնչացում, ինչը Հայաստանի տարածքում, ոչ թե այլ պետությունների, այլ հենց Հայաստանի քաղաքացիների համար կազմում է էություն, հիմք և հենարան։ Այս մասին պետք է խոսել, և պարտավոր ենք խոսել»,— հայտարարել է նա։
Զախարովան նշել է, որ տարբեր եկեղեցիների ու կրոնական դավանանքների պատմության մեջ եղել են պառակտումների, տարաձայնությունների, իսկ հետագայում՝ միավորման ու հաշտեցման շրջաններ։ Նրա խոսքով՝ նման ճգնաժամերը հաղթահարելու համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ։
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների դերը պետք է լինի ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն աջակցելը՝ ներպետական հակամարտությունների դեպքում պետության պահանջով կամ էլ միջպետական հակասությունների կարգավորման շրջանակում։
«Անթույլատրելի է, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ապրում են անդամ երկրների գումարների հաշվին, ոչ միայն միջամտում են երկրի, ժողովրդի, պետության գործերին, այլև իրենց դիրքորոշմամբ խորացնում են ճգնաժամը»,– ասել է Զախարովան։
Սա, ըստ նրա, հատկապես անթույլատրելի է դառնում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի հզոր, հնագույն դավանանքի, ինչպիսին Հայ Առաքելական եկեղեցին է։
Նրա խոսքով՝ նման իրավիճակներում ավանդական պատասխանն այն է, որ տեղի ունեցողը պետության ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկրի քաղաքացիներ իրենք պետք է պաշտպանեն այն, ինչն իրենց համար արժեք է ներկայացնում, այդ թվում՝ ավանդական հոգևոր-բարոյական արժեքները։
«Սա Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների գործն է, հայերի գործն է՝ որպես և՛ եկեղեցու, և՛ իրենց ժողովրդի ու մշակույթի ներկայացուցիչների»,– շեշտել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա նաև հավելել է, որ Աստծուն ուրանալը և, առավել ևս, իսկական հալածանքը՝ իր ողջ գործիքակազմով, դարերի անեծք է, ինչն ապացուցում է կյանքը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Այս ֆոնին ավելի վաղ տարբեր մեղադրանքներով կալանավորվել էին երեք թեմերի ղեկավարներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը:
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից: