ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Գևորգ Կարապետյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցին, Ռուսաստանի դերակատարությանը տարածաշրջանում, Հայաստանի ինքնիշխանությանն առնչվող խնդիրներին և ներկայացրել իրենց ուժի դիրքորոշումները ներքաղաքականության շուրջ։

Ըստ նրա՝ ռազմաբազայի դուրսբերման հարց, իրականում, Հայաստանի ղեկավարությունը երբեք չի բարձրացրել․ «Առաջին անգամ դրա մասին խոսել է Վլադիմիր Պուտինը, և այս ամեն ինչը իրար հետ դասավորելով՝ մենք կարող ենք հասկանալ մի բան, որ մեր ասածը, որ մենք պնդում ենք, Ռուսաստանը ինքն է նահանջի մեջ գտնվում և իր նահանջի տարբեր փուլերում տարբեր արտահայտություններ է իրեն թույլ տալիս, որ եթե Հայաստանին պետք չէ, ապա դիմե՛ք, մենք անմիջապես դուրս կբերենք բազան»։

Ըստ Կարապետյանի՝ Ռուսաստանը տարածաշրջանից հեռանում է․ «Որոշ մեկնաբաններ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է իր քաղաքականությամբ դուրս մղում Ռուսաստանին տարածաշրջանից, բայց մենք, Ռուսաստանին լավ ճանաչելով հանդերձ, որ այսպես կոպիտ ասած՝ թքած ունի միջազգային իրավունքի վրա և մնացած իր հանդեպ վարվող քաղաքականության վրա, ինքը եթե ուզենա մնա, ինքն էլ կմնա և ավելի կոշտ մեթոդների կդիմի, մի ուրիշ լեքսիկոն կօգտագործի, ուրիշ բառամթերք կօգտագործի։

Բազայի դուրս գալը, դա իրենց խոսքն է։ Մեր կողմից, այսինքն՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ, ես չեմ լսել պետական պաշտոնյայի, որ հարց բարձրացնի, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս գա մեր տարածքից»։

Նա քննադատել է Փաշինյանի կառավարությանը, քանի որ ըստ նրա՝ դիվերսիֆիկացման ուղղությամբ ոչինչ  չի արվել․ «Այս իշխանությունը ութը տարի ոչինչ չի արել, որպեսզի դիվերսիֆիկացնի մեր և՛ անվտանգային համակարգը, և՛ տնտեսական հնարավորությունները, որպեսզի մենք վաղ թե ուշ, եթե Ռուսաստանը նահանջի կամ Ռուսաստանի հետ խնդիրներ առաջանան, մենք այլընտրանք ունենանք և՛ էներգետիկ, և՛ տնտեսական իմաստով։ Իրենք դա լավ գիտեն և դա օգտագործում են մեր դեմ։

Մենք տնային աշխատանքը չենք կատարել ութ տարվա մեջ։ Մենք որպես պետություն, որպես աշխարհին ներկայանալիք պետականություն ունեցող ազգ, մեր տնային աշխատանքը չենք կատարել, և այդ ամեն ինչը շատ լավ երևում է, որ մենք այլընտրանքներ չենք ձևավորել»։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական միտքը տառապում է «որբի բարդույթով»՝ անընդհատ փնտրելով արտաքին հովանավոր։ «Մենք անընդհատ տեր փնտրելով, անընդհատ խնամակալ փնտրելով… այդ պրիզմայից ենք նայում աշխարհին և արևմտյան աշխարհին ենք նայում նաև այդ պրիզմայով, որ եթե Ռուսաստանը մեզ տիրություն չի անում, ապա արևմտյան աշխարհից եկե՛ք, դու՛ք տիրություն արեք մեզ։ Այս որբի տրամաբանությունը… Իրենք էլ ըստ այդմ են վերաբերմունքը ձևակերպում մեր հանդեպ»։

Խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ «Թրիփփ»-ի մասին, Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կողմից ցանկացած ինքնիշխանության զիջում անթույլատրելի է՝ հաշվի առնելով առկա իրողությունները։ «Իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանը, մինչև իր հարցերը չլուծի, արտաքին քաղաքական ձևակերպումները հստակ չտա, որևէ ճանապարհ, որևէ ինքնիշխանության զիջում անթույլատրելի է, որովհետև Հայաստանը սակարկվում է», – ասել է նա և հավելել. «Միջանցք է և անխոչընդոտ, և այլ, տարբեր ձևակերպումներով մեզ համար անընդունելի է… Իր ձևակերպմամբ դա միջանցք է»։

Պատասխանելով ռուսամետ ուժերի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը նշել է, որ իրենք առաջնորդվում են ազգային շահով։ «Մենք, դիրքավորվելով ազգային դաշտում, ամբողջ հայ ժողովրդին դիտարկում ենք մեկ ամբողջության մեջ»։ Նրա խոսքով՝ թեև որևէ իրական գործակցություն տեղի չի ունեցել, սակայն սկզբունքային հարցերի շուրջ համագործակցությունը հնարավոր է ցանկացած ուժի հետ, եթե դա բխում է պետականության պահպանման շահերից։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment