Դանիելյան․ Մարզերից Երևան աշխատելու եկողները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մարզային ավտոբուսների ուղևորափոխադրումների սահմանափակմանը Երևանում, նշել է, որ մարզերից Երևան աշխատելու եկողները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի։

Նա հավելել է, որ Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով:

«Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության խնդիրը որոշել են «լուծել» քաղաքացիների համար նոր անհարմարություններ և լրացուցիչ ծախսեր առաջացնելու հաշվին:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ այսուհետ մարզային ավտոբուսներն իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ ուղևորափոխադրում իրականացնել։

Սա նշանակում է, որ մարզերից մայրաքաղաք եկող մեր հայրենակիցներն այլևս չեն կարողանա իջնել իրենց համար հարմար վայրերում և ստիպված կլինեն իրենց երթուղին շարունակել ավտոկայաններից։

Ստացվում է՝ մեր այն մարզաբնակ քաղաքացիները, որոնք, օրինակ, Երևան են գալիս աշխատանքի նպատակով, ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի՝ լրացուցիչ ժամանակ կորցնելով ճանապարհին»,-գրել է նա:

Դանիելյանը հավելել է, որ սա հերթական ոչ արդյունավետ քայլն է, որը ոչ թե լուծելու է Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիրը, այլ լրացուցիչ անհարմարություն է պատճառելու քաղաքացիներին։

«Քաղաքային իշխանություններից ակնկալվում են ոչ թե հերթական սահմանափակումներ, այլ արդյունավետ և համակարգային լուծումներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների, վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիների կառուցում։

Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով։

Բավակա՛ն է ձեր ապաշնորհ և ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները՝ այս անգամ էլ՝ մարզաբնակները»,-գրել է Դանիելյանը։

Leave a comment