Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի, Իրան-ԱՄՆ, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունների մասին

«Մենք գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված վերջին զարգացումներին, ինչպես նաև այս հարցում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը։ Մենք նաև կարծում ենք, որ այս գործընթացի ավարտը մեր տարածաշրջանում համագործակցության նոր դարաշրջան կբացի»,- Բաքվում ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են, որ Հարավային Կովկասը հայտնի լինի «ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ»։

– Իրանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումն անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հնարավորինս շուտ լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։ Վերջին փոխադարձ հարձակումները լրջորեն խաթարում են խաղաղությանն ուղղված ջանքերը։ Այս գործողությունները, որոնք սրում են տարածաշրջանային լարվածությունը, պետք է անհապաղ դադարեցվեն։ Էական է ապահովել անվտանգ, անխափան և ազատ անցում Հորմուզի նեղուցով և հնարավորինս շուտ վերականգնել պատերազմից առաջ գոյություն ունեցած կարգավիճակը (ստատուս քվոն)։

– Անցած տարվա ընթացքում [Ռուսաստան-Ուկրաինա] պատերազմն իսկապես վերածվել է հյուծող պատերազմից՝ ոչնչացման պատերազմի: Այլևս չկա որևէ վայր, որը զերծ կլինի հարձակումներից։ Մենք նաև ականատես ենք լինում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կայուն աճին։ Որպես ազգ, որը գիտի, թե ինչ է պատերազմը, և հասկանում է, թե ինչպես պետք է այն վարել, մենք սկզբից ի վեր հասկանում էինք, թե դա ուր կտանի։ Իրավիճակը կշարունակի սրվել։ Աշխարհագրական, մեթոդաբանական և նպատակների տեսանկյունից մենք, ցավոք, հասել ենք հենց այս կետին։ Սա պետք է կասեցնել՝ կանխելու համար վարակի հետագա տարածումը և նոր աղետներից խուսափելու համար։ Պարբերաբար հայտարարություններ են հնչում պատերազմի՝ ոչ միայն Սև ծովի, այլև Եվրոպայի այլ երկրներ տարածվելու հավանականության մասին։ Աստված մի արասցե.

Leave a comment