Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«Հիշողության թարմացում․
«ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։
Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։
Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայատանի և Արցախի քաղաքական կյանքում»։
Սա մեջբերում էր Նիկոլ Փաշինյանի ուղերձից, ուղղված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին (21.01.2019 թ․)։
Դրանից հետո, երբ ՀՅԴ-ն, կանխազգալով այս իշխանության կործանարար քայլերն ու դավադիր ծրագրերը, 2019 թ․ գարնանը դեղին քարտ ցույց տվեց այս խմբակին ու փողոցային պայքար սկսեց իշխանության պաշտոնյաների ու հակահայ ծրագրերի դեմ, 2019 թ․ դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ղժղժոցով հայտարարեց, որ «քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքով նախարարի հրաժարական չի կարող լինել» (խոսքը տխրահռչակ Արայիկ Հարությունյանի մասին էր, որի հրաժարականի համար ՀՅԴ-ն նստացույց էր անում)։
Դրանից անցել է 7 տարի։ Այսօր թուրքական ազդեցության ուժի մի պատգամավոր առողջության համար խիստ վտանգավոր կատաղությամբ Դաշնակցությանը համարեց վտանգավոր՝ հոխորտալով նաև, թե Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։
Արման Եղոյա՛ն, բա եթե սրանից 7 տարի առաջ շեֆդ ասում էր՝ ՀՅԴ-ն զրո ազդեցություն ունի և հեռացող գնացքի վրա է, էդ ինչի՞ եք դրանից 7 տարի անց ՀՅԴ-ի մասին հիշելիս ինֆարկտ ստանում։
Հ․գ․ Ես չգիտեմ, թե 7, 14 կամ 21 տարի հետո սրանցից ինչ կմնա, և հերթականն ով կլինի նույն կատաղությամբ Դաշնակցության մահը երազողը, բայց մի բան հստակ է՝ իրականում Դաշնակցությունը վտանգավոր է ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդին թյուրքական ստրկության տանող ՔՊ կոչված խմբակ-նախագծի համար։ Սրանք թուրքի հոտառությամբ նշմարել են իրենց գլխավոր ախոյանին և ահա թե ինչու են այսքան մոլեգնում Դաշնակցության մասին հիշելիս»։
Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։
Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։