ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

15.09.2026 | 15:52

Ռուսաստանը սեպտեմբերի լույս 15-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 200 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 187-ը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։

Կիև – Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Դարնիցկի և Գոլոսեևսկի շրջանների բենզալցակայաններին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ Օբոլոնսկի շրջանում հարվածները կարող էին հասնել պահեստային տարածքներին, իսկ Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ոչ բնակելի շինություններին։ Հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։

Օդեսայի մարզ – Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված զանգվածային հարձակման մասին։ Նրա խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել բնակելի շենքեր, լոգիստիկ օբյեկտներ, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Վնասվել են առանձնատների տանիքները, ճակատներն ու ապակեպատ հատվածները, ինչպես նաև տասնյակ ավտոտնակներ և ավտոմեքենաներ։ Տուժածներ չկան։

Դնեպրոպետրովսկի մարզ – Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական հարձակումների հետևանքով Նիկոպոլի շրջանում երկու մարդ է տուժել։ Տուժածներից մեկը՝ 63-ամյա տղամարդ, միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել է։ Վնասվել են վարչական և բնակելի շենքեր։

Leave a comment