ԶՊՄԿ-ի թափոնների ծավալը մեկ տարում աճել է 30.2%-ով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) այսօր ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը։ 2025-ին ընկերությունը լուրջ աշխատանքներ է իրականացրել իրենց կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարի անվտանգության հետ կապված արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ:

«Անվտանգության ցուցանիշը ցածր էր, և Կառավարությունը որոշում կայացրեց, որ մենք պետք է ունենանք անկախ տեխնիկական ուսումնասիրություն և, համապատասխանաբար, անվտանգության ցուցանիշը հասցնենք նորմայի։ Ընկերությունը միայն այս երկու-երեք տարիների ընթացքում ծախսել է 286 միլիոն դոլար գնահատումների ու հետազոտությունների վրա։ Այսինքն՝ այն գումարը, որը ծախսվել է անվտանգության միջոցառումները բարձրացնելու համար, ավելի մեծ էր, և սա ցույց է տալիս ընկերության հանձնառությունը՝ անվտանգ աշխատանքային միջավայր ձևավորելու համար»,- այսօր հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ԶՊՄԿ ՓԲԸ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Ասյա Ղազարյանը։

ԶՊՄԿ-ն 2025-ին շարունակել է իրականացնել թափոնների առաջացման մոնիտորինգ ամսական կտրվածքով։ Մոնիտորինգն արձանագրել է, որ 2025 թվականին առաջացած թափոնների ընդհանուր ծավալն աճել է 30.2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված էր արդյունահանված լեռնային զանգվածի 38% աճով, որը պարունակում էր դատարկ ապարի ավելի մեծ ծավալ։ Թափոնների առաջացման ընդհանուր աճը պայմանավորված է եղել վտանգավոր թափոնների 17.4% և ոչ վտանգավոր թափոնների 44% աճով։

Հատկանշական է, որ հաշվետու տարում թափոնների կազմը փոխվել է։ 2025 թվականին ոչ վտանգավոր թափոնները կազմել են առաջացած թափոնների ընդհանուր ծավալի մոտ 53%-ը, մինչդեռ 2023 և 2024 թվականներին առավել մեծ մասնաբաժին կազմել էին վտանգավոր թափոնները՝ համապատասխանաբար մոտ 58% և 52%։

Չնայած թափոնների ծավալի ավելացմանը՝ հաշվետու տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն բարելավել է թափոնների օգտահանման և հեռացման ցուցանիշները։ 2025 թվականին հեռացվել է 7,623 տոննա ընդհանուր ծավալով թափոն՝ օգտահանման տարբեր եղանակների, այդ թվում՝ վերամշակման և կրկնակի օգտագործման նախապատրաստման միջոցով։ Դա էական աճ է 2024 թվականի համեմատ, երբ հեռացվել էր 2,086 տոննա թափոն՝ բարելավումներ արձանագրելով վտանգավոր և ոչ վտանգավոր թափոնների հոսքերում։

Օգտահանմանն ուղղված թափոնների ծավալի զգալի աճը մեծապես պայմանավորված է եղել 2025 թվականին վերականգնման այլ գործընթացների ներդրմամբ, ինչն արտացոլում է մետաղ պարունակող թափոնների հոսքերի համար օգտահանման գործնական ուղիներ գտնելու ուղղությամբ ԶՊՄԿ-ի կողմից տարվող աշխատանքները։ Այդ հոսքերը ներառում էին ինչպես վտանգավոր թափոններ, օրինակ՝ չտեսակավորված սև մետաղներ, այնպես էլ ոչ վտանգավոր թափոններ, օրինակ՝ չաղտոտված ալյումինե և պողպատի ջարդոն։ Հաշվետու տարվա ընթացքում այս նյութերը փոխանցվել են վերամշակող կամ վերամշակման երկրորդային գործընթացներ իրականացնող ընկերություններին՝ նշանավորելով փոքր, բայց կարևոր քայլ ընկերության վերամշակման պրակտիկայի ընդլայնման գործում։

Շարունակելով 2024 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունում ստանձնած հանձնառությունների իրականացումը՝ ԶՊՄԿ-ն 2025 թվականին էական առաջընթաց է գրանցել վերամշակման ցուցանիշների բարելավման և փայտային թափոնների վերաօգտագործման ուղիների ընդլայնման ուղղությամբ։

Փայտի թափոնների կրկնակի օգտագործումն էականորեն աճել է՝ 2024 թվականի 28.8 տոննայից հասնելով 110.6 տոննայի 2025 թվականին։ Փայտի թափոնները հավաքվել են շինհրապարակներից, բուսածածկ տարածքներից և գործունեության տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներից, ապա փոխանցվել և օգտագործվել են Քաջարան համայնքի, ինչպես նաև ԶՊՄԿ-ի աշխատողների կողմից՝ իրենց կարիքների համար։

Բնապահպանության բաժնի տվյալների համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր թվով 8 պատահար։ Բոլոր պատահարների մասին, օրենսդրության պահանջներին համապատասխան, տեղեկացվել է ՀՀ Սյունիքի մարզային բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Պատահարները հիմնականում կապված էին պոչատարի արտահոսքի, սարքավորումների խափանումների և վառելիքի արտահոսքերի հետ և օպերատիվ կերպով կարգավորվել են՝ առաջնահերթություն տալով դրանց արդյունավետ տեղայնացմանը, հետևանքների վերացմանը և կրկնության կանխարգելմանը։

Ըստ հաշվետվության՝ ընկերության ապրանքների և ծառայությունների գնումները 2025 թվականին կազմել են 360 միլիոն դոլար։ Ըստ Ղազարյանի՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնական շուկան ՀՀ-ն է, ինչը նշանակում է ընկերության ներդրումը ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում։

ԶՊՄԿ-ն 2025-ին շարունակել է կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը՝ էթիկական վարքագիծն ապահովելով ներքին վերահսկողության մեխանիզմների և աշխատակիցների վերապատրաստումների միջոցով։

2025 թվականի վերջում Համապատասխանության հանձնաժողովը հայտնաբերել է Վարքագծի կանոնագրքի խախտման երկու դեպք։ Դրանցից մեկը վերաբերել է նաև աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի քաղաքականությանը, իսկ մյուսը՝ գնումների և շահերի բախման դրույթներին։ Երկու աշխատակիցներին էլ տրվել են պաշտոնական գրավոր նախազգուշացումներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment