Սեպտեմբերի 19-ին` Արցախի հայաթափման օրը, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, Արցախն է հայաթափվել, Հայաստանի մի քանի համայնքում իշխանությունը որոշել է փառատոներ կազմակերպել. «Հրապարակ»

Սեպտեմբերի 19-ին` Արցախի հայաթափման օրը, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, Արցախն է հայաթափվել, Հայաստանի մի քանի համայնքում իշխանությունը որոշել է փառատոներ կազմակերպել: Փաշինյանի ռեժիմը ոչ միայն անկարող է արցախցիների հիմնարար իրավունքների մասին խոսել, հայ ռազմագերիներին վերադարձնել եւ Բաքվի բռնապետի հոխորտանքներին արձագանքել, այլեւ ի զորու չէ հարգել մարդկանց վիշտը, զոհերի հիշատակը:

Գաթայի փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 19-ին` Խաչիկ գյուղում։

Փառատոնի հենց ֆեյսբուքյան էջում շատերը գրել էին, որ չի կարելի այդ օրը փառատոն կազմակերպել, երգել, պարել, ուտել-խմել:

«Հրապարակի» հարցին, թե ինչու են փառատոնը հենց սեպտեմբերի 19-ին կազմակերպել եւ ում հովանավորությամբ, փառատոնի պատասխանատուն ասաց. «Փառատոնը կազմակերպում է Արենիի համայնքապետարանը։ Ինչ վերաբերում է օրվան, ապա 2014 թվականից ի վեր գաթայի փառատոնն անցկացվում է սեպտեմբերի նախավերջին շաբաթ օրը՝ հաշվի առնելով պատերազմական իրադարձությունները։ Ասեմ, որ երկու տարի շարունակ գաթայի փառատոնը չի նշվել, հիմա եթե մենք տեղափոխեինք վերջին շաբաթը, ապա կլիներ պատերազմի օրը` սեպտեմբերի 27-ը, եւ դուք կասեիք, որ պատերազմի օրն է»։

Սակայն սեպտեմբերի 19-ին հաջորդող շաբաթ օրը ոչ թե սեպտեմբերի 27-ն է, այլ՝ 26-ը, նկատեցինք մենք, եւ փառատոնը կարելի էր այդ օրը կազմակերպել, ի՞նչն է խնդիրը։ «Մենք չենք որոշել, կա ընդհանուր Փառատոների կազմակերպություն, այնտեղից տարեսկզբից տվյալներ են տալիս, թե որ փառատոնը երբ պետք է անցկացվի: Այն ի սկզբանե է որոշված: Ես հենց նոր ուսումնասիրում էի` սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ էլի փառատոներ կան, կա փառատոն Ձորաղբյուրում` Բերքի տոն, Ապարանում կա նաեւ միջոցառում` ազգային պարերի հետ կապված, ինչպես նաեւ՝ Սիզնսիի այգում: Գաթայի փառատոնն իրենից ոչ թե քեֆ-ուրախություն է ներկայացնում, այլ ավանդույթները, մշակույթը պահպանելու գործընթաց: Սահմանամերձ Խաչիկ գյուղում ենք հավաքվելու, եւ տարվա մեջ մարդիկ այդ մեկ օրն են հնարավորություն ունենալու իրենց արտադրանքը ներկայացնելու: Այսինքն` փառատոնը ոչ միայն քեֆ-ուրախության համար է, այլեւ մշակույթը, ավանդույթները պահպանելու»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment