Հորմուզի նեղուցի շրջափակումը կհանգեցնի այս տարվա երկրորդ կեսին և 2027 թվականին աշխարհում սննդամթերքի արտադրության ու մատակարարման կրճատմանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/ժժ) Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավար Օլեգ Կոբյակովը։
«Հետևանքները ոչ միայն ազդում են ընթացիկ գների վրա, այլև իրենց զգացնել են տալու հաջորդ շրջանների բերքահավաքի վրա։ Սա կբերի պարենի արտադրության ու մատակարարման կրճատման 2026 թվականի երկրորդ կեսին և 2027 թվականին», — նշել է Կոբյակովը։
Նա պարզաբանել է, որ գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են հստակ ժամանակացույցով, որտեղ ժամկետներ փոխելն անհնար է։ Նույնիսկ մի քանի շաբաթվա ուշացումը ստիպում է ֆերմերներին քիչ պարարտանյութ օգտագործել կամ ընդհանրապես հրաժարվել դրանից, ինչն էլ անխուսափելիորեն նվազեցնում է բերքատվությունը՝ անկախ հետագա պայմաններից։
«Կազմակերպության վերլուծությունը ցույց է տալիս, որ ճգնաժամով պայմանավորված այս շղթայական ցնցումները կարող են թանկացնել սննդամթերքը և սրել սովը այն երկրներում ու շրջաններում, որոնք արդեն իսկ տուժում են երկարատև կամ սուր պարենային ճգնաժամերից», — ընդգծել է նա։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին հարվածել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, ինչին Իրանը պատասխանեց հակահարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ նորից փոխադարձ հարվածներ հասցրին։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։
Իրավիճակի լարման պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կանգ է առել։ Սա համաշխարհային շուկայում նավթ, նավթամթերք և հեղուկացված բնական գազ հասցնող հիմնական երթուղին է։ Արդյունքում վառելիքը թանկացել է աշխարհի երկրների մեծ մասում։