Խուդաթյանն ու Գրոսին անդրադարձել են նոր ատոմակայանի մոդելի ընտրությանը (PAN.am)

ԱՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին Վիեննայում անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցերին։

Հանդիպումը տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի հետ ոլորտային համագործակցությամբ արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում նախարարը հաստատել է Ռաֆայել Գրոսիի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության մյուս անդամները։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել միայն նոր ատոմակայանի տեսակի հարցում՝ այն մոդուլային կլինի, սակայն, հստակ չէ, թե ում հետ կհամագործակցի և որ երկրի առաջարկը կընդունվի:

ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին, փոխնախագահ Վենսն էլ հայտարարեց՝ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստանը կհասնեն, Մոսկվայի արձագանքը չուշացավ. ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի:

Leave a comment