Քաղաքականություն
15.09.2026 | 10:56
Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման կոնկրետ ժամկետներ հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս երկրի «եվրոպական ապագայի» վերաբերյալ Բրյուսելի խոստումների վերացականությունը։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Օրինակ՝ բոլորովին վերջերս Եվրահանձնաժողովում, ըստ էության, ուղղակիորեն հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ մինչև 2029 թվականը վիզաների ազատականացմանը հասնելու վերաբերյալ։ Սա ընդգծում է «հրաշալի եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների վերացականությունը և Բրյուսելի կողմից հայկական պետության նկատմամբ ցուցաբերվող ուտիլիտար մոտեցումը»,- ասել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին, առաջին հերթին, դիտարկում են սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։
«Եվրոպացիներն իրենց «խնամարկյալների» մեջ տեսնում են միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև սեփական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից, որի համար ստիպված են ամեն իմաստով թանկ վճարել»,- հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ Factor TV-ն ներկայացրել էր ռուսական լրատվամիջոցների կողմից Հայաստանի ու Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակի հայտարարությունների նենգափոխմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի