Գալուզին․ ՌԴ-ն Հայաստանից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմից դիմումներ չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։

«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության շարունակությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։

Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։

Sputnik Արմենիա

Leave a comment