«Արարատցեմենտը» հերքել է ցեմենտի գնի բարձրացման վերաբերյալ լուրերը (PAN.am)

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը ցեմենտի գնի բարձրացման վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե «Արարատցեմենտի» արտադրած ցեմենտի գինը 2700 դրամից բարձրացել և հասել է 3500 դրամի:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից հայտնել են, որ պարկավորված ցեմենտի մեկ տոննայի վաճառքի արժեքը կազմել է 51,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն և 20 պարկի հաշվարկով։ Այսպիսով, արտադրողի սահմանած մեկ պարկի արժեքը կազմել է 2550 դրամ։

«Հետևաբար, արտադրողի կողմից ցեմենտի՝ 3500 դրամով վաճառքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտորեն կեղծ է։

Ինչ վերաբերում է շուկայում առանձին վաճառողների կողմից ցեմենտի իրացման գնին, ապա վերավաճառողների կողմից սահմանվող վերջնական գինը գտնվում է արտադրողի ուղղակի վերահսկողության շրջանակից դուրս և չի կարող ներկայացվել որպես արտադրողի կողմից սահմանված գին։

Միաժամանակ, ցեմենտի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է հստակ տարբերակել արտադրողի վաճառքի գինը և վերավաճառողների կողմից սահմանվող գները՝ հանրությանը չմոլորեցնելու համար», – նշել են ընկերությունից։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։ Հայցադիմումով, ի թիվս այլ գույքի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

Leave a comment