ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի (CED) այսօրվա նիստում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը հրապարակայնորեն հայտարարեց անհետ կորած և բռնի անհետացած անձանց վերաբերյալ այն տվյալները, որոնց տրամադրումը ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր ԻԱԿ-ին:
‼ Տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքներից է այն, որ եթե տեղեկությունը պաշտոնապես հրապարակվում է բաց աղբյուրներում, այն չի կարող համարվել գաղտնի։ Հանրային նշանակության տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, երբ այդ նույն հայցվող տեղեկությունը հրապարակվում է բաց աղբյուրենրում, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
Մեջբերում ենք ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքը անգլերենից թարգմանած ՄԱԿ-ի կոմիտեի սեպտեմբերի 14-ի նիստի ուղիղ հեռարձակման 01:28:00 րոպեից.
«Այսօրվա դրությամբ արձանագրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված բռնի անհետացման շուրջ 50 (ավելի քան 50) դեպք, և 10 դեպք՝ 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։ Բացի այդ, ներկայումս առկա է շուրջ 172 անհայտ կորած հայ զինծառայող և 19 անհետ կորած հայ քաղաքացիական անձ։ Յուրաքանչյուր անհետ կորած անձի վերաբերյալ առկա է առանձին դոսյե (գործ)…»։
Նիստի ուղիղ հեռարձակման հղումը.
‼Oգոստոսի 31-ին ԻԱԿ-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել 1988 թ.-ից ի վեր Արցախյան հակամարտության, 2020թ. 44-օրյա պատերազմի, 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի, 2023թ. ռազմական գործողությունների և Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած և բռնի անհետացած անձանց վերաբերյալ վիճակագրություն (ըստ զինծառայողների, քաղաքացիական անձանց, կանանց, տղամարդկանց և անչափահասների դասակարգման)։
ԻԱԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: