Հայաստանը ՌԴ-ին չի դիմել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իվեստիա» պարբերականի հետ զրույցում:
Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է առաջնորդվել այն դիրքորոշմամբ, որ ռազմաբազան տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչ է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք այն հանգամանքից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- նշել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հայ ժողովրդի ցանկության դեպքում ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներկայությունը Գյումրիի ռազմաբազայում՝ հետագա աշխատանքի և համագործակցության նպատակով։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ եթե Երևանն այլևս դրա անհրաժեշտությունը չտեսնի, ռուսական զորակազմը կարող է «հեռանալ թեկուզ վաղը»։
Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ: