Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron ընկերությունը ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։
Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաքականի նոր կերպարի մի մասը։
Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին ՀՖՖ-ն կհայտարարի առաջիկայում։
Նոր մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մատենադարանին նկարահանմանն աջակցելու համար։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբում սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լատվիայի թիմին, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի թիմին: