Հասարակություն
15.09.2026 | 11:33
Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանն անդրադարձավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին քաղաքում տեղի ունեցած միջադեպերին՝ նշելով, որ Ռուբեն Մխիթարյանը նախորդ օրը խուսափել էր գնահատական տալ՝ պատճառաբանելով, թե չի տիրապետում վիճակագրությանը։
«Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուն հայտարարեց, որ իր խոսքերը խեղաթյուրվել են. ինքը չի ասել, թե տվյալներին չի տիրապետում, այլ առաջարկել է դիտարկել յուրաքանչյուր տարվա ցուցանիշները։ Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի մահափորձին՝ Մխիթարյանն արձագանքեց․ «Շատ ճիշտ նշեցիք Վարդան Ղուկասյանի մահափորձի գործը, որտեղ երեք հոգի, ցավոք սրտի, մահացել էր։ Բայց նաև չնշեցինք, որ տարիներ շարունակ դուք եք իշխանության, ու որևիցե մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել, թե ինչպես էր կազմակերպվել այդ մահափորձը, ով էր և այլն»։
Մխիթարյանը նաև կոչ արեց հիշել Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքը, իսկ արձագանքի փուլում հավելեց, որ այսօր էլ պարբերաբար Երևանի կենտրոնում և վարչական շրջաններում կրակոցներ են հնչում։
Ելույթների ավարտին նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նշեց. «Պարոն Մխիթարյանը շատ կարևոր հարց բարձրացրեց, մենք էլ մեր հերթին կոչ անենք իրավապահ մարմիններին Վարդան Ղուկասյանի մահափորձի հարցով վերջապես լրջորեն զբաղվել։ Վարդան Ղուկասյանը բազմիցս այդ հարցով մեղադրել է Սերժ Սարգսյանին։ Տեսնենք։ Ինձ համար զարմանալի է՝ ինչի՞ նորմալ ընթացք չի ստանում այդ գործը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան