Մեծ Բրիտանիայի թագավորը հանդիպում կանցկացնի աշխարհի առաջատար արհեստական բանականության ընկերությունների ղեկավարների հետ

Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կհյուրընկալի արհեստական բանականության ոլորտում խոշորագույն ընկերությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ինչպես գրում է գործակալությունը, նրանք կքննարկեն, թե արդյոք անհրաժեշտ են այս տեխնոլոգիայի զարգացման միասնական սկզբունքներ։

Հոդվածի համաձայն՝ արհեստական բանականության զարգացման տեմպերը դանդաղեցնելու ոլորտի առաջատար ներկայացուցիչների կոչերի ֆոնին Չարլզ III-ը կհանդիպի Nvidia-ի, Google DeepMind-ի, OpenAI-ի և Anthropic-ի ղեկավարների, ինչպես նաև արհեստական բանականության հարցերով բրիտանացի նախարարի հետ։ Քննարկման թեման կլինի այն, թե ինչպես կարելի է օգտագործել այս տեխնոլոգիան ի շահ հասարակության՝ չվնասելով մարդու արժանապատվությանը։

ԱԲ-ի սպառնալիքների շուրջ քննարկումները կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Anthropic-ի երկու հետազոտողներ նախազգուշացրել են, որ տեսանելի ապագայում այս տեխնոլոգիայի արագ զարգացումը կարող է հանգեցնել մարդկության վերացմանը։

Շաբաթ օրը Anthropic-ի գլխավոր գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը հայտարարել է, որ ընկերությունները պետք է դանդաղեցնեն ԱԲ մոդելների զարգացման տեմպերը։

Սան Ֆրանցիսկոյում գտնվող ընկերությունն անցյալ շաբաթ հրապարակել է սպառնալիքների վերաբերյալ զեկույց, որտեղ ներկայացրել է, թե ինչպես են տարբեր չարամիտ գործողություններ իրականացնող անձինք օգտագործել իր Claude ԱԲ մոդելները՝ զենքի մշակման և կիբերհարձակումների իրականացումից մինչև հսկողություն և խարդախություն։

Բուքինգհեմյան պալատում հայտնել են, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ԱԲ-ն այնպիսի եղանակով օգտագործելու հարցը, որն օգուտ կբերի հասարակությանը և կնպաստի «մարդկանց ու մոլորակի բարեկեցությանը»։

Ինչպես նշում է Reuters-ը, Մեծ Բրիտանիան, որը Եվրոպայում առաջատարն է ԱԲ ոլորտում ֆինանսավորման ծավալով և ստարտափների թվով, այս տեխնոլոգիայի կարգավորման հարցում որդեգրել է համեմատաբար մեղմ մոտեցում՝ այս առումով ավելի մոտ լինելով ԱՄՆ-ին, քան Եվրամիությանը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment