Թող Նիկոլ Փաշինյանը պատասխանի՝ հովանավորո՞ւմ է ապօրինի ավտոկայանատեղիներ շահագործողներին, թե ոչ․ Սուքիասյան

«Երևանում ինչ պաշտոնյա էլ լինի, ավտոկայանատեղիների հետ կապված հովանավորչություն անելու առումով որևէ մեկը չի կարող ավելի բարձր լինել կամ ավելի շատ լծակներ ունենալ, քան գործող քաղաքապետը»,- Aravot.am-ին ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը, թե Երևանի ապօրինի ավտոկայանատեղիների հետևում պաշտոնյաներ կան ու սև փողեր են աշխատում։

Ըստ Մանուկ Սուքիասյանի՝ Տիգրան Ավինյանը գանգատվում է այն խնդիրներից, որոնց լուծման համար ի պաշտոնե կոչված է. «Եթե երեք տարի է զբաղեցնում ես քաղաքապետի պաշտոնը, ու քթիդ տակ ինչ-որ մարդիկ ապօրինի կայանատեղիներից փողեր են աշխատում, ուրեմն քո տեղում չես։ Նո՞ր իմացար, որ նման բաներ կան։ Կամ դուրս ես եկել հանրության առաջ՝ ինչի՞ համար ես գանգատվում։ Եթե ուղղությունները գիտես, կառավարության նիստ կլինի, ձեր կուսակցության ժողովներ կլինեն, րոպեների ընթացքում լուծվող հարց է։ Այդ էժան պոպուլիզմը՝ այ, այ, այդ չար մարդիկ փողեր են աշխատում, իսկ բարի քաղաքապետը պայքարում է քաղաքացիների իրավունքների համար, էժանագին երեսպաշտություն է։

Նման խնդիրները աշխատանքային կարգով շատ վաղուց պետք է լուծված լինեին, ընդամենը հերթական անգամ սեփական անգործությունը ուրիշների վրա բարդելու պարզունակ փորձ է»։

Ըստ Սուքիասյանի՝ Ավինյանը պետք է հանրությանը պատասխանի, թե ովքեր են հովանավորում ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը. «Միգուցե Նիկոլ Փաշինյա՞նն է հովանավորում այդ մարդկանց, որ Ավինյանի ուժը չի պատում ու ստիպված հանրության մոտ կոկորդիլոսի արցունքներ է թափում։ Թող Նիկոլ Փաշինյանը պատասխանի՝ հովանավորո՞ւմ է ապօրինի ավտոկայանատեղիներ շահագործողներին, թե ոչ։ Եթե ոչ, իր կուսակից քաղաքապետը ինչո՞ւ է այսպես խեղճ ու կրակ գանգատներ հղում հանրությանը, թե՝ այ, այ, այդ վատ մարդիկ սև փողեր են աշխատում։ Իրենք ամբողջ թիմով՝ ի դեմս Փաշինյանի, հանրությանը հաշվետվություն պետք է ներկայացնեն, թե այդ ինչ սև փողերի շրջանառություն է։ Դա էլ հո այսպես կոչված նախկինների թեման չէ»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment