Խուդաթյանն ու Գրոսին քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ծրագրերը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ԱԷՄԳ հետ ոլորտային համագործակցությամբ իրականացված և նախանշվող ծրագրերը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերին։ Հանդիպման ընթացքում նախարարը հաստատել է Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։