Վրաստանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ հստակ պահանջով

Վրաստանի մի շարք քաղաքներում նոյեմբերի 28-ին ցույցեր են անցկացվել՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները սառեցնելու որոշման երկրորդ տարելիցի կապակցությամբ։

Թբիլիսիում մի քանի հազար ցուցարարներ քաղաքի տարբեր հատվածներից երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ պահանջելով վերադառնալ եվրաինտեգրման ուղուն` քննադատելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։

Հավաքին մասնակցել է նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են իշխանություններին քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների համար։ Մասնավորապես, «Վրացական երազանքը» դիմել է դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել մի շարք ընդդիմադիր միավորումների գործունեությունը։

2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցությունները։ Այդ որոշումը երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։

Իշխանությունները պնդում են, որ չեն հրաժարվել եվրաինտեգրման նպատակից և նախատեսում են Եվրամիությանն անդամակցել 2030 թվականին։

Leave a comment