Aravot.am-ին է դիմել Գյումրու թիվ 45 դպրոցի տարածքի տնակներից մեկում (հասցեն՝ Երևանյան խճուղի 149/050) բնակվող Աիդա Նազարեթյանը՝ մտահոգվելով, որ իր ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։ Կառավարության որոշմամբ՝ Գյումրին ազատում են տնակներից, սակայն իրենք չգիտեն՝ ո՞ւր գնան․ եթե հրաժարվեն տնակից, կհայտնվեն փողոցում։
Աիդա Նազարեթյանն այդ տնակում բնակվում է 22 տարի՝ իր երկու որդիների հետ։ Տնակի պատերն ու հատակը մգլած են․ ներս մտնելուն պես՝ խոնավության հոտը փչում է։
Տիկինը դժգոհում է՝ ինչ կենդանի ասես չկա տնակում, տարիներ շարունակ ապրում են մկների ու առնետների հետ, սակայն այս պահին դժոխային պայմաններ ունեցող տնակն էլ շատ են համարում իրենց համար։
Աիդա Նազարեթյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, բազմաթիվ հիվանդություններով է տառապում, նա հազիվ է կարողանում տեղաշարժվել, որդիներից մեկն էլ մանկուց հաշմանդամ է, աուտիզմ ունի, մյուս որդին էլ ընդամենը վերջերս է մտել զինվորական ծառայության։
Ամուսինը մահացել է 10 տարի առաջ։
Նա նշում է, որ իրենք երկրաշարժից անօթևան չեն, ժամանակին բնակարան են ստացել, սակայն 25 հոգու համար 3 սենյականոց են հատկացրել, իրենք էլ, լինելով բազմացող ընտանիք, չեն կարողացել բնակվել ամուսնու եղբայրների ընտանիքների հետ միասին, անհնար է եղել 25 հոգով ապրելը, հետևաբար և ստիպված են եղել կյանքը տնակում շարունակել։
«2 տարի է՝ մեզ ճնշում են, ասում են՝ տնակը պիտի ազատես, մենք էլ տեղ չունենք գնալու, հիմա չգիտենք՝ ուր գնանք, ինչ անենք, տուն չունենք, մոլորվել ենք։ Քաղաքապետարանից հենց գալիս են, թե տնակից ելնելու եք, վատանում ենք։ Քաղաքապետարանը առաջարկեց մի բլած, հին տուն, կոմունալ ոչ մի հարմարություն չկար, էս տնակն իր չեղած պայմաններով ավելի լավն է, քան իրենց առաջարկածը։ Ասում են՝ տնակը ինչ ձևով ուզում եք, ազատեք, մեր գործը չէ»,-նեղվում է Աիդա Նազարեթյանը։
Նա ասում է՝ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվելուն պես, խոստացել էր իրենց հարցերը լուծել ու կանխել էր իրենց տնակից դուրս վռնդելը։
Աիդա Նազարեթյանն ասում է, որ ինքը քաղաքապետարան դիմում է ներկայացրել սոցիալական բնակարան ստանալու, սակայն դիմումը չեն ընդունել, թե շինարարություն չի ընթանում, հետո ընդունել են ու մերժել։
Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման, բնակարային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի ավագ մասնագետ Անուշավան Պապիկյանն էլ պարզաբանում է, որ Աիդա Նազարեթյանի ընտանիքն անօթևան չէ, նա իր որդիների հետ սեփականատեր է, ժամանակին նաև բնակարանների գնման վկայագիր են ստացել, դրա համար էլ կառավարությունը պահանջում է տնակը քանդել՝ առանց հատուցման։
Բայց քանի որ Աիդա Նազարեթյանը դիմել է քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, նրա դիմումը ընդունել են, գրանցել, սոցիալական բնակարան լինելուն պես՝ նրան կհատկացնեն։
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, Աիդա Նազարեթյանի ընտանիքին առաջարկվել է մոդուլներում սենյակ, քաղաքապետարանը պատրաստ է եղել լույսի, գազի հարցերը լուծել, ընդհուպ վերանորոգում անել, որի կարիքն էլ չկա, բայց նա չի համաձայնել։
Ըստ Անուշավան Պապիկյանի, թիվ 45 դպրոցի հարևանությամբ գտնվող 5 տնակները խանգարում են դպրոցին՝ բակում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու, հետևաբար և տնակները հերթով տեղահանել են։
«Ես չգիտեմ՝ տիկինն ինչու է բողոքում, երբ իրեն չենք մերժել, պատասխանել ենք՝ սոցիալական բնակարան լինելուն պես՝ ձեզ կտեղեկացնենք»,-ասում է Անուշավան Պապիկյանը։
Նա նշում է կառավարության՝ 2022 թվականի 13 հոկտեմբերի որոշման համաձայն՝ Գյումրիում 800 տնակ պիտի քանդեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: