«Առուշ Առուշանյանը երկար ժամանակ գտնվել է իրավական հետապնդումների ներքո, այլ ոչ թե որ իրապես հանցանքներ էր գործել։ Վերջին շրջանում Առուշ Առուշանյանի գլխին կախված էր նորից բանտ վերադառնալու հեռանկարը։ Կարծում եմ, որ նա, ըստ էության, ներքին դավադրությունների զոհ է, նա գերու կարգավիճակ ունի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Ըստ նրա, Առուշանյանը համայնքում հեղինակություն է վայելում. «Եթե հիշում եք, նախորդ ընտրություններին իրեն հաջողվեց ՔՊ-ի թեկնածուին հաղթել անազատությունից: Այսինքն՝ բանտում գտնվելով, նա հաղթեց ՔՊ-ի թեկնածուին, երբ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում էին մեծ թվով ՔՊ-ական ազդեցիկ գործիչներ։ Դա վկայում է իր համայնքում ունեցած անձնական հեղինակության ու հարգանքի մասին»:
«Նրան երևի սպառնացել են բանտային կալանքով։ Իմ տպավորությունը այն է, որ ինքը չէր կարող այդպես տեսակետների 180 աստիճանի ռադիկալ փոփոխություն ունենար: Սա ներիշխանական, իրավական գործիքակազմը գործադրելու գործողությունների հետևանքն է»,- ասաց Է. Ղազարյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առուշ Առուշանյանը ոչ թե ՔՊ-ի ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջնորդվելու է Առուշ Առուշանյանը»։