«Խաղաղությունը միայն մենք չպետք է խնամենք, այլ խնամվի երկկողմ»․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանի՝ Հաջիևին արձագանքի առիթով

«Ամբողջ ողբերգությունն այն է, որ սա ոչ թե խաղաղության գործընթաց է, այլ միակողմանի շարունակվող զիջումներով, սեփական պատմությունն ուրանալու ճանապարհով ձեռք բերված ինչ-որ բան, որը հաստատ խաղաղություն չէ։ Խաղաղությունը ենթադրում է երկկողմանի գործընթաց, երկու կողմերը պետք է հարգանք ունենան միմյանց պատմական մշակութային ժառանգության նկատմամբ, ինչը չենք տեսնում»,- անդրադառնալով իր հարցադրմանն ի պատասխան ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների առիթով դիտարկումներին՝ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Ռուբեն Ռուբինյանը ստիպված է եղել իր հարցադրմանն ի պատասխան արձագանքել Հաջիևին ու նկատեց․ «Այնպիսի բառապաշար է ընտրել, որը չի արտացոլում իրականությունը։ Խաղաղությունը միայն մենք չպետք է խնամենք, այլ խնամվի երկկողմ։ Այնտեղից տեսնում ենք շարունակվող ագրեսիա, այստեղից նույնիսկ ինքնասիրությանը հասնող զիջումների շարունակականություն»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի այն տեսանյութին, որտեղ, երբ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի, առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել է, թե այդ եկեղեցին հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը», Աննա Գրիգորյանն ասաց․ «Երբ փորձ է արվում նույնիսկ հայկական ինքնության անբաժանելի մաս հանդիսացող Գանձասարը աղվանական ներկայացնել միջազգային գործընկերներին, այստեղ խաղաղության իրական գործընթացի մասին չէ խոսքը, այլ հայկական հետքի բնաջնջման, ինչն անթույլատրելի է։ Որևէ կերպ խաղաղության հնարավոր չէ հասնել սեփական պատմության ու ինքնության ուրացման գնով։ Դրանից հետո պատերազմական գործողություններն ավելի են շատանալու։ Այն, ինչ տեղի է ունենում հայկական ինքնության նկատմամբ, պատերազմական գործողությունների շարունակությունն է։ Մի դեպքում զինվորներն են կրակում, մյուս դեպքում էլ մեր պատմությունն է ուրացվում և մշակութային ցեղասպանություն տեղի ունենում։ Էթնիկ զտում իրականացնելուց հետո հիմա անցել են հայկական հետքը վերացնելուն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment