«Էդ ե՞րբ է 102-րդ ռազմաբազան մեզ տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք»․ Արմեն Խաչատրյան

«Կիսում եմ Ռուբեն Ռուբինյանի կարծիքը։ Այդ տեսանյութում արտահանված կարծիքը հայկական ժառանգության հետ կապված անհիմն է, դա չի նպաստում խաղաղության օրակարգին»,- լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի այն տեսանյութին,  որտեղ, երբ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի, առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել է, թե այդ եկեղեցին հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Լրագրողների՝ այս թեմայով շարունակվող հարցերին ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանը վրդովված ասաց․ «30 տարվա հակամարտությունից հետո շատ հայտարարություններ կարող են լինել։ Ամեն անգամ հուզվել, Հաջիևի ներքին տարածման տեսանյութը բերել, սարքել թեմա՞․․․ասում եմ՝ եթե դուք ինձնից սպասում եք ավելի կոշտ, կոպիտ արձագանք, չեք ստանալու»։

Հարցին՝ արդյոք 102-րդ ռազմաբազան պե՞տք է Գյումրիից հանել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Մեզ պետք չէ, բայց եթե ռուսական կողմին պետք է, դա քննարկման առարկա է»։

Լրագրողների փաստմանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ եթե ռուսական ռազմաբազան հանվի ՀՀ-ից, կմնանք անտեր, Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Այ, սրա հետ համաձայն չեմ։ Այդ ե՞րբ է 102-րդ ռազմաբազան մեզ տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք»։

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ այն, ինչ ձեռք է բերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դա հալալ քրտինքով չէ ու շարունակեց․ «Հալալ քրտինքով մենք հազիվ տարիների ընթացքում կարողանում ենք մի մեքենա գնել»։ Լրագրողների դիտարկմանը՝ այն, որ ՔՊ-ականները միլիոնների գույք են ձեռք բերել, ուրեմն հալալ չի՞ եղել, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Հիփոթեքով գույք են ձեռք բերում, նորմալ է։ Այսօր գոնե որևէ մեկն իրավունք չունի ասելու, որ ՔՊ կուսակցության կամ խմբակցության անդամները հարստանում են։ Համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում և կարողանում տուն, մեքենա գնել և լավ են անում։ Մերոնց համար եկամտի աղբյուրը աշխատավարձն է, և բոլորը նայում են այդ աշխատավարձին, դա միանշանակ է»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment