Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ երկրների դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 12-ին երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղ։
Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել: Այդ մասին նա գրել է նաև X-ի իր սոցիալական ցանցում։
Հաջիևը նաև դիվանագետների ներկայությամբ ցուցադրել է հին ձեռագրերի կրկնօրինակներ՝ դրանց միջոցով կասկածի տակ դնելով հայկական ձեռագրական ժառանգության իսկությունը։
Հիշեցնենք, որ Արցախում հայկական քրիստոնեկան ժառանգության ծագման ու պատկանելության կեղծումը Ադրբեջանի հետևողական պետական քաղաքականությունն է, որն այդ երկիրը վարել է տասնամյակներ շարունակ։ Իսկ 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա պատերզամից ու երեք տարի անց դրան հաջորդած էթնիկ զտումից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն միջազգայնացնում է թեզը։
Այս շրջանակներում Ադրբեջանը՝ ընդհուպ մինչև երկրի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով, խոսել է Արցախի եկեղեցիների վրա հայկական արձանագրությունները ոչնչացնելուց։
«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփել է միջազգային ու հայկական աղբյուրները, որոնք Գանձասարի հայակական պատկանելության մասին երկրորդ կարծիք չեն թողնում։
Հաջիևի ցուցադրած գրքերի բնօրինակները Մատենադարանում են
FIP.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ Գանձասարում չկան ու չեն եղել ձեռագրեր, որոնց բնօրինակները չգտնվեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։
Խզմալյանի խոսքով, Հաջիևի ցուցադրած կրկնօրինակների բնօրինակները ևս պահվում են Մատենադարանում։
Նշենք, որ թանգարանային միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մշակութային արժեքի բնօրինակը կարող է չցուցադրվել, եթե ցուցասրահի պայմանները՝ հատկապես լուսավորությունը, ջերմաստիճանը կամ խոնավությունը կարող են վնասել այն։
Նման դեպքերում առաջնահերթությունը տրվում է առարկայի երկարաժամկետ պահպանությանը, իսկ հանրությանը այն կարող է ներկայացվել պատճենի կամ մասնագիտորեն պատրաստված կրկնօրինակի միջոցով։ Այս մոտեցումը կիրառվում է հատկապես լույսի նկատմամբ զգայուն, հին կամ եզակի առարկաների՝ այդ թվում հին ձեռագրերի դեպքում։
Միաժամանակ, թանգարանային էթիկայի և պահպանության տեսանկյունից էական է, որ կրկնօրինակը հստակ ներկայացվի որպես այդպիսին և չշփոթեցվի բնօրինակի հետ։ Հետևաբար, միայն կրկնօրինակի ցուցադրումըչի նշանակում, որ բնօրինակը գոյություն չունի։
FIP.am-ի հետ զրույցում Խզմալյանը պարզաբանել է, որ նշված ցուցասրահում 10-րդ դարի համապատասխան ձեռագրերի ցուցադրման համար անհրաժեշտ ջերմախոնավության պայմաններ չկան։
Սրան զուգահեռ, Մատենադարանի տնօրենը նկատել է, որ այդ տուրին ներկա բոլոր դիվանագետները կարող են գալ Հայաստան ու Մատենադարանում տեսնել հայկական այն հին ձեռագրերի բնօրինակները, որոնց կրկնօրինակները թերթելով Հաջիևը հեգնում էր ու պնդում էր, թե հայերը կեղծում են։
Ի՞նչ է պատմում Գանձասարի ժամանակակից Կիրակոս Գանձակեցին
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի շինարարությունը սկսվել է 1216 թվականին՝ Խաչենի հայ իշխան Հասան-Ջալալ Դոլայի հովանավորությամբ։ Տաճարի շինարարությունն ավարտվել է 1238 թվականին, իսկ օծումը տեղի է ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին։
XIV դարում, երբ Կիլիկիայի հայկական թագավորության անկումը հանգեցրեց Սիսի կաթողիկոսության ազդեցության նվազմանը, իսկ Էջմիածնում վերահաստատվեց կաթողիկոսական աթոռը, Արցախում ձևավորվել է տարածաշրջանային կաթողիկոսություն։
XVI դարում Գանձասարի կաթողիկոսությունը ենթարկվեց Էջմիածնի կաթողիկոսությանը։ Գանձասարի բազմաթիվ կաթողիկոսներ Հասան-Ջալալ Դոլայի տոհմի անդամներ էին։
Գանձասարի վանքի մասին արժեքավոր տեղեկություն է հաղորդում 13-րդ դարի նշանավոր հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին․ նա ծնվել է Գանձակում (ներկայիս Ադրբեջանի անվանափոխված Գյանջա քաղաքում), ինչի համար էլ հետագայում կոչվել է Գանձակեցի։ Գանձակեցու վկայությունն առանձնապես կարևոր է, քանի որ նա Գանձասարի մասին գրում է ոչ թե դարեր անց, այլ հենց եկեղեցու կառուցման ու օծման ժամանակաշրջանում։
Նա իր «Պատմութիւն Հայոցը» շարադրել է միջին հայերենի գործածության շրջանում։
Արտապատկերումները՝ երկի 159 և 167 էջերից։
Նա հատուկ անդրադառնում է հայ իշխան Հասան-Ջալալ Դոլայի կառուցած եկեղեցուն և գրում, որ իշխանը կառուցել է գեղեցիկ ու շքեղ եկեղեցի՝ Գանձասար կոչվող վանքում, Խոխանաբերդի դիմաց, իրենց տոհմական գերեզմանատան տեղում։ Նա նաև նշում է, որ եկեղեցու կառուցումը երկար տարիներ է տևել։
Կիրակոսը նկարագրում է նաև եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ ներկա են եղել Աղվանից կաթողիկոս Ներսեսը, բազմաթիվ եպիսկոպոսներ, Վանական վարդապետը, Խաչենի վարդապետներ և այլ հոգևորականներ։ Ըստ նրա՝ արարողությանը մասնակցել են հարյուրավոր քահանաներ։
Ընդգծենք, որ ըստ պատմական իրադարձությունների, Գանձասարը հետագայում դարձել է Աղվանից կաթողիկոսության կենտրոնը և հայտնի եղել նաև որպես Գանձասարի սուրբ աթոռ։ Սակայն «Աղվանից կաթողիկոսություն» անվանումը ամենևին էլ չի նշանակում, որ Գանձասարի 13-րդ դարի եկեղեցին հայկական մշակութային և եկեղեցական միջավայրից դուրս կառույց էր։
Օտար պրոֆեսորները՝ հայկական Գանձասարի մասին
Գանձասարի հայկական ճարտարապետական պատկանելությունը արձանագրված է նաև տարբեր ժամանակաշրջանների օտարերկրյա ուսումնասիրություններում։
Անատոլի Լեոպոլդովիչ Յակոբսոնը, որը խորհրդային նշանավոր հնագետ, պատմաբան և պատմական գիտությունների դոկտոր է, հսկայական ավանդ է ներդրել հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության գործում։
1977 թվականին հրատարակված «Հայ միջնադարյան ճարտարապետության պատմությունից» Գանձասարի վանական համալիր աշխատությունում, Յակոբսոնը փաստում է Գանձասարի հայկական պատկանելությունը՝ զուգահեռներ տանելով հայկական միջնադարյան այլ կրոնական կառույցների ճարտապետական լուծումների հետ։
Յակոբսոնը, օրինակ, անդրադառնալով, տաճարի ներքին քանդակագործությանը, դրա որոշ դետալների վերաբերյալ արձանագրում է․ «Այսպիսի քանդակագործությունը նույնպես հետևում է Բագրատունիների ժամանակաշրջանի, այսինքն՝ X դարի հայկական ճարտարապետական ավանդույթին։ Դրա մասին են վկայում ցլերի և խոյերի համանման պատկերները, որոնք նույնպես տեղադրված են Աստվածածին փոքր եկեղեցու տրոմպերի հիմքում»։
Արտապատկերումները՝ Յակոբսոնի գրքից։
1987 թվականին ճարտարապետության իտալացի հետազոտող գիտանականներ Մարիա Ադելաիդեն և Լալա Կոմնենոն հրատարակում են Ղարաբաղում միջնադարյան հայկական ճարտարապետությանը նվիրված ուսումնասիրություն, որում ևս արձանագրված է Գանձասարի հայկական պատկանելությունը։
Գանձասարի՝ որպես հայկական միջնադարյան ճարտապատերական կոթողի ճարտարապետական նախագիծը պատկերված է 2001 թվականին Չիկագոյի համլասարանի՝ «Հայաստան․ պատմական ատլաս» աշխատությունում։
Գանձասարի՝ հայկական ճարատարապետության մաս լինելը հիմնավորում է նաև Էքս-Մարսելի համալսարանի գիտնական, հուշարձանագետ Պատրիկ Դոնաբեդյանը, որը հանդիսանում է հայկական ճարտարապետության և Արցախի հուշարձանների վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների և աշխատությունների հեղինակ։
Գանձասարի հայկական պատմաճարտարապետական ինքնությունը հիմնավորվում է հետևյալ պատմական, արձանագրագիտական և կառուցվածքային փաստարկներով․
Պատմական և արձանագրային վկայություններ․ Վանքի արձանագրությունները հաստատում են, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 1216–1238 թթ. կառուցվել է հայ իշխան Հասան Ջալալ-Դովլայի կողմից, իսկ գավիթը (ժամատունը) հիմնադրվել է Հասանի, նրա կնոջ և որդու՝ Աթաբակի կողմից։ 10-րդ և 12-րդ դարերից այն հիշատակվում է որպես Խաչենի հայկական իշխանության եպիսկոպոսանիստ, իսկ 17-րդ դարի վերջից Գանձասարի կաթողիկոսները գլխավորել են Հայաստանի ազատագրական շարժումը։
Միջնադարյան հայկական ճարտարապետական կառուցվածք․ Գանձասարը հայկական միջնադարյան վանքերին բնորոշ դասական օրինակ է, որտեղ արևմտյան ճակատին կից է գավիթը (ժամատունը)։ Եկեղեցու ներգծված խաչաձև հատակագիծն ու գմբեթի չորս հենարանների համադրությունը ավանդատների հետ լայնորեն տարածված հորինվածք է հայկական վանքերում։
Հայկական ճարտարապետական և քանդակագործական տարրեր․ Եկեղեցու հովանոցաձև ծածկը հայկական միջնադարյան ճարտարապետության ինքնատիպ դրսևորումներից է, բուսական ու երկրաչափական հարուստ զարդաքանդակները ներշնչված են Հառիճի վանքի (1201 թ.) թմբուկի քանդակներից, որը հետսելջուկյան շրջանի հայկական առաջին խոշոր սրբավայրն էր։
Պատկերագրություն և մեկենասների դիմանկարներ․ Արևմտյան ճակատոնին քանդակված է Քրիստոսի խաչելության՝ հայկական կոթողային արվեստում հանդիպող հազվագյուտ պատկերներից մեկը, որը ներկայացված է հայկական պատկերագրությանը բնորոշ ոճավորմամբ (աստվածային փառքի ընդգծմամբ)։ Թմբուկի վրա պատկերված են նաև Հասան-Ջալալյան դինաստիայի իշխանական մեկենասների դիմանկարները։
Գավթի (ժամատան) տիպաբանություն․ Գանձասարի գավիթը ծառայել է որպես հոգևորականության և տեղական իշխանական դինաստիայի տապանատուն, ինչը բնորոշ է հայկական վանքերին։ Դրա խաչվող կամարներով ծածկի համակարգը նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 13-րդ դարի այլ հայկական գավիթներին (օրինակ՝ Հաղպատում և Մշկավանքում)։
«Աղվանական» վարկածի միջնադարյան սկզբնաղբյուրների բացակայությունը
Կարևոր է նաև ընդգծել, որ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» հուշարձան ներկայացնող ժամանակակից ադրբեջանական պնդումների համար չեն ներկայացվում առնվազն 10–12-րդ դարերի կամ դրան հաջորդող միջնադարյան շրջանի այնպիսի սկզբնաղբյուրներ․ փաստացի Գանձասարը որպես «աղվանական» հուշարձան նույնականացնող միջնադարյան պատմագիտական աղբյուրներ չկան։
Գանձասարի՝ «աղվանական» հուշարձան լինելու թեզը գիտական և պետական ադրբեջանական դիսկուրսում առավել հստակ ձևավորվում է արդեն 20-րդ դարի երկրորդ կեսից, մասնավորապես՝ խորհրդային ադրբեջանական պատմագրության շրջանակում, իսկ հետագայում վերածվում պետական քարոզչական թեզի՝ առանց միջնադարյան հստակ աղբյուրների։
Եզրակացություն
Այսպիսով, Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով, հետևաբար կեղծ է։
Գանձասարի կառուցման ժամանակաշրջանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին եկեղեցու կառուցումը կապում է Խաչենի իշխան Հասան-Ջաալ Դոլայի հետ, իսկ տարբեր ժամանակների օտարերկրյա և նաև ծագումով հայ հեղինակավոր հետազոտողները Գանձասարն ուսումնասիրել ու ներկայացրել են հայկական միջնադարյան ճարտարապետության համատեքստում։
Միաժամանակ, Հաջիևի կողմից ցուցադրված ձեռագրերի կրկնօրինակները հիմք չեն դրանց բնօրինակների գոյությունը կասկածի տակ դնելու համար․ համապատասխան բնօրինակները պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ կրկնօրինակների ցուցադրությունը թանգարանային պրակտիկայում ընդունված մեթոդ է, երբ ցուցասրահի պայմանները չեն ապահովում եզակի և զգայուն առարկաների պահպանության համար անհրաժեշտ պայմանները։