Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ռուբեն Մխիթարյանին:
Նրա թեկնածությունը ներկայացրեց իր թիմակից Իրինա Յոլյանը, որին ՔՊ-ն չապահովեց բավարար քվեներով այդ պաշտոնը ստանձնելու համար։
Նա 2009-2014 թվականներին սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
Ապա 2014-2016 թվականներին սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում՝ ստանալով միջազգային և եվրոպական գործարար իրավունքի մագիստրոսի աստիճան։
Այնուհետև՝ 2017-2018 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանական դպրոցում։
2019-2021 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայում՝ «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2012 թվականին աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնում։
2013 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, այնուհետև՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
2013-2017 թվականներին աշխատել է «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ իրավաբանական վարչությունում՝ զբաղեցնելով առաջատար մասնագետի և գլխավոր մասնագետի պաշտոններ։
2017-2025 թվականներին աշխատել է «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Իրավաբանական վարչությունում՝ Դատական և սնանկության վարույթների բաժնի ղեկավար։
2018 թվականից Հայաստանի Հանրապետության Փաստաբանական պալատի անդամ է, փաստաբան։
2025 թվականին հանդիսացել է դատավորի թեկնածու և սովորել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայում։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։
Մխիթարյանն արդեն երրորդ թեկնածուն է, որին «Ուժեղ Հայաստանն» առաջադրում է հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան