ԵՄ հատուկ ներկայացուցիչն օկուպացված Արցախ այցից հետո Երևանի Մատենադարան է այցելել

Բաժանորդագրվել

ԵՄ հատուկ ներկայացուցչին «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ուղեկցել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ՀՀ ԱԳՄԱՆ ներկայացուցչի ուղեկցությամբ անձամբ այսօր այցելել է Երևանի Մատենադարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 11–12–ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների (նրանց թվում նաև Գրոնոն էր)մասնակցությամբ կազմակերպվել էր այց օկուպացված Արցախ։ Մագդալենա Գրոնոյի՝ օկուպացված Արցախ և Գանձասարի վանական համալիր կատարած այցի ժամանակ ադրբեջանական կողմը Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի «դատարկ էջեր» էր ցուցադրել՝ փորձելով կեղծել պատմությունն ու վանքը ներկայացնել որպես «ալբանական»:

Նախարարությունից հայտնում են, որ Գրոնոյին «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ուղեկցել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մատենադարանում հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը»,– նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ Մատենադարանում Կոստանյանը զրույց է ունեցել Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Նշենք, որ ադրբեջանական ապատեղեկատվությանն արձագանքել են բազմաթիվ պատմաբաններ, հասարակական գործիչներ, այդ թվում`Հասան-Ջալալյանների ժառանգորդ, «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

Նավթն ու գազը՝ ընդդեմ պատմության․ մասնագետները պատասխանում են Հաջիևին

Leave a comment