Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ համար առաջնահերթություն չէ․ եթե այն պետք է ռուսական կողմին, ապա պետք է քննարկվի հայկական կողմի հետ, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
«Էդ ե՞րբ է 102-րդ բազան մեր տիրություն արել, որ հիմա էլ անտեր մնանք։ Մեզ համար միևնույն է՝ այդ ռազմաբազան կլինի, թե՝ չէ։ Եթե իրենք ուզում են, որ մնա, ուրեմն պետք է քննարկեն հայկական կողմի հետ, եթե չեն ուզում մնա, խնդիր չկա, թող չմնա»,- ասել է նա՝ անդրադառնալո ՈՒՀԿ նախագահ Սամվել Կարապետյանի խոսքերին, հայտնում է Factor.am-ը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում հայտարարել է, որ 102-րդ բազան Հայաստանից հանելու դեպքում ՀՀ-ն անտեր կմնա։
Պատասխանելով հարցին, թե անհրաժեշտ է արդյոք ռազմաբազան Հայաստանից դուրս բերել, պատգամավորը նշել է, որ այդ հարցի պատասխանը հստակ արտացոլվել է Ռուսաստանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքներում։
«Մեզ պետք չէ, բայց եթե ռուսական կողմին դա պետք է, դա քննարկման առարկա է, ոչ մի խնդիր»,- ընդգծել է Խաչատրյանը։
Դիտարկմանը, թե առաջիկայում հնարավոր է արդյոք ռազմաբազայի պահպանման հետ կապված ծախսերի կամ ֆինանսական պայմանների փոփոխություն կամ թանկացում, Արմեն Խաչատրյանը նշել է, որ հստակ պատասխան տալ չի կարող, սակայն «որևէ բան բացառել պետք չէ»։
Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռազմաբազան կարող են հանել, եթե ՀՀ-ն նման ցանկություն հայտնի։