ԵՄ-ն կսահմանի սոցիալական ցանցերից օգտվելու նվազագույն տարիքային շեմ

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 17-ին նախատեսում է ներկայացնել KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը, որը նպատակ ունի ամբողջ Եվրամիությունում սահմանել սոցիալական ցանցերից օգտվելու նվազագույն տարիքային շեմ։

POLITICO-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը նաև կպահանջի, որ երեխաների համար նախատեսված առցանց ծառայությունները նախագծվեն՝ հաշվի առնելով նրանց անվտանգությունը։ Նոր կանոնները նախատեսվում է տարածել սոցիալական ցանցերի, տեսանյութերի փոխանակման հարթակների, առցանց խաղերի, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող չաթբոտների և վիրտուալ ուղեկիցների վրա։ Կրթական գործիքները նախագծից դուրս կմնան։

Փաթեթը նախատեսում է նաև ծնողների և խնամակալների համար նախատեսված գործիքներ, ինչպես նաև վերահսկողության նոր համակարգ, որը կառուցվածքով նման կլինի ԵՄ թվային ծառայությունների և արհեստական բանականության մասին գործող օրենսդրությանը։ Բարձր ռիսկային ծառայությունների վերահսկողության համար ընկերություններից կարող են գանձվել համապատասխան վճարներ։

Նախաձեռնությունը ներկայացվում է անչափահասների առցանց անվտանգության վերաբերյալ եվրոպական երկրների աճող ճնշման ֆոնին։ Ֆրանսիան, մասնավորապես, առաջ է մղում ազգային օրենսդրություն, որը կսահմանափակի երեխաների մուտքը TikTok-ի և Instagram-ի նման հարթակներ։

Եվրահանձնաժողովի առաջարկը հրապարակվելուց հետո դեռ պետք է համաձայնեցվի ԵՄ անդամ երկրների կառավարությունների և Եվրոպական խորհրդարանի հետ, ուստի վերջնական տեքստը կարող է փոփոխվել։

Leave a comment