Ոչ միայն ՔՊ-ն, այլ Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժն ու Ռուբեն Մխիթարյանը դեմ արտահայտվեցին կոմունիստներին․ ի՞նչ էր առաջարկում Գյումրու քաղաքային իշխանությունը

Գյումրու քաղաքային իշխանությունը քաղաքապետի պարտականությունները կատարող Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ պատրաստվում է դիմել դատարան՝ նախկին քաղաքային իշխանության կողմից օտարված մի քանի անշարժ գույքեր համայնքին վերադարձնելու պահանջով։ Դատարանում Գյումրի համայնքի շահերը պաշտպանելու նպատակով նրանք ցանկանում են փաստաբան վարձել, որին քաղաքային բյուջեից կվճարեն 5 միլիոն դրամ։

Քաղաքային իշխանությունը Գյումրու ավագանու օրակարգ էր բերել փաստաբանական ծառայությունից օգտվելու համար մրցույթ հայտարարելու համար գումար տրամադրելու հարցը, որն էլ դարձավ բուռն քննարկման թեմա։

Այս անգամ ոչ միայն ՔՊ-ականները դեմ արտահայտվեցին, այլ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու հարցում մեծ դերակատարություն ունեցած Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժը՝ «Մեր քաղաքը» խմբակցությունը, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ղեկավար Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց օրակարգից դուրս հանել հարցը։

ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը հարցրեց՝ ինչո՞ւ չեն դիմում դատախազություն, եթե հիմնավոր կասկածներ ունեն նախկինում կնքված պայմանագրերի ոչ իրավաչափ լինելու մեջ։

«Դիմեք դատախազություն, թող դատախազությունն ուսումնասիրություն անի, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կդիմի ավագանուն, որպեսզի հայցեր ներկայացնի դատարան՝ դրանք վիճարկելու, ինչպես մենք արդեն նախկինի փորձն ունենք»,-առաջարկեց Քնարիկ Հարությունյանը։ Նա հարցրեց՝ ինչու 5 միլիոն դրամ հատկացնել փաստաբանին, եթե կարելի է անվճար ու դյուրին ճանապարհով գնալ։

Քնարիկ Հարությունյանին պարզաբանեցին, որ Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժինը ծանրաբեռնված է, 300 գործեր կան, որոնք գտնվում են դատարանում։

 

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը ժպտալով արձագանքեց․ «Դատախազությունը քաղաքական հարցերով էնքան է ծանրաբեռնված որ, էլ մենք ի՞նչ դիմենք»։

Նա նաև պարզաբանեց, որ կա գույք, որի մասով ավագանին որոշում է կայացրել, սակայն օդի մեջ է․ չգիտեն՝ պիտի հանձնել տվյալ մարդուն, թե այն պիտի վերադարձվի համայնքապետարանի հաշվեկշռին։ Նա նաև դժգոհեց պետգույքի կառավարման կոմիտեից, որին հարցում են ուղղում և որը պարտավոր է Գյումրու համայնքի գույքի օտարումից 30 տոկոսը հատկացնել քաղաքային բյուջեին, սակայն «լղոզված» պատասխան են տալիս։ Ըստ նրա, կա գույք, որը հատկացվել է, սակայն քարը քարին չեն դրել, և անհասկանալի է, թե ինչի դիմաց են այդ գույքը ձեռք բերել։

Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժը՝ «Մեր քաղաքը» խմբակցությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ սա կխանգարի քաղաքում ներդրում անելու ցանկություն ունեցողներին, կվնասի քաղաքի գործարար համբավին։

Ավետիս Առաքելյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց օտարված գույքերի վերաբերյալ՝ նշելով, որ կան կասկածներ։ Նա ասաց՝ կան մարդիկ, որոնք գործունեություն են ծավալում դրսում, չգիտեն էլ, որ նման գույք ունեն։

«Եկեք տեր կանգնեք, ինչ պարտավորություն որ կա, կատարեք, չէ, տվեք մենք տեր կանգնենք, դռները բաց եք թողել, թալանի եք ենթարկվում, չգիտեմ ինչ վիճակ է մի հատ։

Կներեք արտահայտությանս, ասում է՝ տիրովին տերն է տարել, անտերին էլ գելը։ Էս քաղաքը ոտ առել կերթա, չբերե՞նք իրավական դաշտ, հասկանանք՝ ինչ ունենք ու ներդրողներին ներկայացնենք քաղաքն էս ունի, էն ունի»,-ասաց Ավետիս Առաքելյանը։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց օրակարգից հանել հարցը, քանի որ այն բազմաշերտ է, յուրաքանչյուր գույք իր պայմանագրային պատմությունն ունի։ Այն հանեցին օրակարգից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment