Ես ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. Վարդանյան

«Քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, պարզ հարց եմ հնչեցնում՝  ըստ այս օրենքի՝ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ իրավական հիմքով է Նիկոլ Փաշինյանն այդ տարածքն անվանել ադրբեջանական անունով»,- Աժ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Նա նշեց, որ չի ասում՝  ի՞նչ կարծիքի հիման վրա, ի՞նչ են հաշվարկել, ի՞նչ են մտածել. «Ես հարցնում եմ իրավական հիմքը։ Խնդրում եմ՝ հաջորդը ՔՊ-ից ով կուզենա, թող այս հարցին անդրադառնա ու նշի որևէ իրավական հիմք չի մատնանշվել»։

Վարդանյանն ասաց, որ այս հարցումն ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ բացատրություն ստանալու համար։

«Բայց այս քննարկումը մեզ օգնեց պարզել, թե որն է գործող իշխանության պլանը Տիգրանաշենի հետ կապված։ Եթե ուշադիր եղաք Ռուբեն Ռուբինյանի խոսքին, որ հղում էր անում Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ ինչ են պլանավորում. Փաշինյանն ասել է, Արարատի մարզն անպայման կունենա Տիգրանաշեն անունով բնակավայր։ Տիգրանաշեն անունով բնակավայր կա։

Ես ճիշտ հասկացա՞, որ ձեր պլանն է՝ գործող, ըստ օրենքի Հայաստանի բնակավայրը հանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ ո՞ւր է ընդդիմությունը, որ ասում էր հանձնել ենք, այնտեղ Տիգրանաշեն անունով բնակավայր կա»,- ասաց Ք. Վարդանյանը։ 

Leave a comment