Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների հետևում կանգնած են պետական պաշտոնյաներ, սև փող են աշխատում. Ավինյան

Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ արդեն ունեմ ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը և որոշակի պաշտպանություն են փորձում տալ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,-հավելեց Ավինյանը։

Նա առաջարկեց տրանսպորտի վարչությանը՝ առևտրի վարչության հետ համատեղ, քննարկել այդ գործունեությունը օրինական դաշտ բերելու տարբերակները, որպեսզի, ըստ նրա, միջին մակարդակի պաշտոնյաներ, այդտեղ սև փող չաշխատեն: Քաղաքապետը իր մատնանշած վարչություններին երկու ամիս ժամանակ տվեց լուծումներ առաջարկելու համար.

«Երևանում ունենք կայանատեղիներ, որոնք որոշ փողոցներից պետք է դուրս գան, որպեսզի անընդհատ երթևեկությունն ապահովվի և խոչընդոտ չլինի։ Լուծումները շատ արագ պետք է քննարկվեն։ Տրանսպորտային խնդիրների լուծումը պետք է լինի մեր առաջնահերթությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment