Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ավստրիայի կողմից Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիին Վիեննայում կայանալիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաժողովին մասնակցելու համար վիզա չտրամադրելու որոշումը՝ այդ քայլը որակելով բացարձակապես անհիմն, գրում է Tasnim-ը։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Ավստրիան պետք է մուտքի վիզա տրամադրեր իրանական պատվիրակությանը՝ հավելելով, որ Թեհրանում Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է նախարարություն, որտեղ Իրանը պաշտոնապես փոխանցել է իր բողոքը։
«Այս ամենը հակասական է։ Մի կողմից՝ նրանք (արևմտյան կողմը) սխալ զեկույց են պատրաստում, իսկ մյուս կողմից՝ խոչընդոտում են տվյալ երկրի ներկայացուցիչների մուտքը՝ թույլ չտալով նրանց պաշտպանել իրենց։ Նրանք ձգտում են թույլ չտալ, որ Իրանի ձայնը հասնի աշխարհին։ Ավստրիայի պնդումը, թե այդ քայլին դիմել է ԱՄՆ-ի ճնշման ներքո, չի ազատում ընդունող երկրի կառավարությանը պատասխանատվությունից»,- հայտարարել է Բաղային։
Մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև ընդունելուն ուղղված ջանքերը՝ նա նշել է, որ միջազգային իրավունքի խախտում հանդիսացող գործողությանը մասնակցելու համար պատասխանատվությունը ժամանակի ընթացքում չի վերանում։
«Մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ խնդիրները պարզաբանելու համար»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ չնայած հարցը երկու անգամ արծարծվել է, կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկին թույլ է տվել, որ բանաձևի մշակման գործընթացն առաջ ընթանա։
«Եթե Գրոսսին ցանկանում է արդար մոտեցում ցուցաբերել, նա նախ պետք է դատապարտեր Իրանի օբյեկտների վրա հարձակվելու՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի գործողությունները»,- նշել է Բաղային։
Իրանական լրատվամիջոցը գրում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաժողովին Էսլամիի մասնակցությունը խոչընդոտելը հաջորդում է Իրանի և արևմտյան երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը։ Ավստրիան, որը Վիեննայում հյուրընկալում է ՄԱԿ-ի կառույցները, ըստ հաղորդումների, ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեից խնդրել է բացառություն անել, որպեսզի Էսլամին կարողանա մասնակցել միջոցառմանը, սակայն այդ խնդրանքը չի բավարարվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը երկուշաբթի չի կարողանա մասնակցել Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամենամյա համաժողովին, այն բանից հետո, երբ Ավստրիան ԱՄՆ-ի ճնշումներից հետո նրան արգելել է մուտք գործել երկիր։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի