Պատերազմ ուզող, պատերազմ բերողը, տարածքներ զիջողը ՔՊ-ն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր տեսաուղերձով անդրադարձել է 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։

«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անցավ լայնածավալ հարձակման, ունեցանք 224 զոհ, և ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 200 քկմ օկուպացվեց Ադրբեջանի կողմից»,- հիշեցրել է Սաղաթելյանը՝ շեշտելով, որ դրանից առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, առանց կրակոցի Փաշինյանը Ադրբեջանին էր հանձնել Քարվաճառի, Ակնայի, Բերձորի շրջանները, Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի ու Սև լճի հատվածները։

«Այս բոլոր հանձնումներն իրականացրել էր՝ «մի մասը զիջենք, մնացածը պահելու երաշխավորությամբ» տրամաբանությամբ։ Զիջենք, որ պատերազմ տեղի չունենա։ Այդ բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ սեպտեմբերյան աղետալի մեկօրյա պատերազմը, ունեցանք նման կորուստներ»,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ից 200 քկմ տարածք օկուպացնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց, և տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը, իսկ 2024-ին Ալիևն ու Փաշինյանը ժողովրդին կրկին կանգնեցրին երկընտրանքի առջև՝ «Տավուշի հատվածից զիջել նոր տարածքներ»։ Ըստ Սաղաթելյանի՝  Փաշինյանն էլ հայտարարեց, որ եթե չզիջենք, կունենանք պատերազմ։

Սաղաթելյանը նկատեց, որ կրկին երկընտրանքի առաջ են կանգնեցրել ժողովրդին՝ այս անգամ Տիգրանաշենը զիջելու հարցով:

Սաղաթելյանի խոսքով՝ եթե Փաշինյանին ու Ալիևին հաջողվի ՀՀ-ից նոր զիջումներ կորզել, Ադրբեջանը կրկին դրանով չի բավարարվի։ Ադրբեջանի հաջորդ պահանջը, ըստ Սաղաթելյանի,  կլինի ՀՀ-ի՝ բանակ չունենալը, Փաշինյանը մեզ նույն տրամաբանությամբ առաջ է քաշելու բանակ չունենալու պահանջը։

«Պատերազմ ուզող, պատերազմ բերողը, տարածքներ զիջողը ՔՊ-ն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- հավելեց Սաղաթելյանը։

Հետո, դիմելով ժողովրդին, ասաց, որ մեր խնդիրն է տեղիք չտալ Փաշինյանի շանտաժին ու պարտադրանքին և տեր կանգնել մեր երկրի տարածքային ամբողջականությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment