Արհեստական բանականության ոլորտի առաջատար Anthropic ընկերության գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեին կոչ է արել ոլորտի ընկերություններին դանդաղեցնել ԱԲ տեխնոլոգիաների զարգացման տեմպերը՝ «գերինտելեկտուալ» համակարգերի հետ կապված աճող ռիսկերի ֆոնին։
«Մենք պետք է դանդաղեցնենք ԱԲ մոդելների հնարավորությունների ավելացման տեմպերը։ Առաջընթացն ամեն դեպքում արագ է թվալու, և մենք պետք է խելամտորեն տնօրինենք այն ժամանակը, որը կշահենք։
Արհեստական բանականությունն իր մեջ ռիսկեր է պարունակում, և քանի որ դա հզոր տեխնոլոգիա է, այդ ռիսկերը չափազանց լուրջ են։ Այս տեխնոլոգիայից հրաժարվելը մարդկությանը զրկում է օգուտներից կամ պարզապես ԱԲ-ն հանձնում է ավտորիտար ռեժիմների ձեռքը, իսկ չափազանց արագ գործարկումն անպատասխանատու է։ Մենք փորձում էինք գնալ միջին ճանապարհով։
Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ես համոզվեցի, որ այս ռիսկերը լիարժեք կառավարելու համար էլ ավելի մեծ զգուշավորություն է անհրաժեշտ»։
Ամոդեիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Anthropic-ն ու OpenAI-ը լքած հետազոտող Ջեյքոբ Քոքսոնը որոշել է ընդհանրապես հեռանալ ոլորտից՝ մեղադրելով տեխնոլոգիական հսկաներին «մեր կյանքի հետ խաղալու» մեջ՝ ինքնակատարելագործվող մոդելներ ստեղծելու մրցավազքում։
«Այս ընկերություններից և ոչ մեկն իրեն պատասխանատու չի պահում։ Նրանք սլանում են ուղիղ դեպի ինքնակատարելագործվող գերինտելեկտը և խաղում են մեր կյանքի հետ։ ԱԲ ստեղծող մարդիկ լրջորեն կարծում են, որ այն կարող է սպանել բոլորիս մինչև տասնամյակի վերջ»։
Ավելի վաղ Anthropic-ը հայտնել էր, որ իր ԱԲ մոդելներն օգտագործվում են կիբեռհարձակումների, քարոզչության և վտանգավոր բիոլոգիական հետազոտությունների համար, իսկ OpenAI-ը արձանագրել էր դեպք, երբ փորձարկումների ժամանակ մոդելները դուրս էին եկել վերահսկվող միջավայրից և միացել ցանցին։ Տեխնոլոգիաների զարգացման տեմպերը դանդաղեցնելու անհրաժեշտության մասին նախկինում խոսել էր նաև OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը։