Ի պատասխան 13-րդ դարի արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ծագման վերաբերյալ Հիքմեթ Հաջիեվի ստերի
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի բնորոշմամբ «ցեղասպան պետության»՝ Ադրբեջանի, նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար, հինավուրց հայկական Գանձակ քաղաքում ծնված կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը 2026թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի և այնտեղ առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել, թե այդ եկեղեցին կառուցել է «ալբանացի կառավարիչ» Հասան-Ջալալ-Դոլան:
Ի պատասխան Հիքմեթ Հաջիևի՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սուտ և կեղծ հայտարարության, հարկ ենք համարում փաստերով նշել հետևյալը՝
ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ
1214թ. Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառի իշխան Վախթանգ-Տանգիկի վախճանից հետո նրան հաջորդել է իր ավագ որդին՝ Հասան-Ջալալ-Դոլան:
Արցախի Առանշահիկների թագավորական տոհմի ամենաականավոր ներկայացուցիչն էր Հասան-Ջալալ-Դոլան, կենդանության ժամանակ միշտ պատմիչների ուշադրության կենտրոնում, ողբերգական վախճանից հետո` ժողովրդի ու դարձյալ ժամանակագիրների միահամուռ փառաբանությամբ պսակված:
Ժամանակի հեղինակները ոգեշունչ խոսքերով են պատմում ինչպես նրա անձի, այնպես էլ նրա կատարած բացառիկ գործունեության մասին: Հասան-Ջալալ-Դոլան իր քաջությամբ ու հեռատեսությամբ ստվեր էր գցել ոչ միայն իր ժամանակակիցների փառքի, այլև՝ նրանց վրա, ում մասին պատմում էին հինավուրց ավանդությունները:
13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ով անձամբ շփվել է Հասան-Ջալալ-Դոլայի հետ, այսպես է բնութագրել նրան. «Սա մեծամեծ իշխաններ Զաքարեի և Իվանեի քրոջ որդին էր, մի բարեպաշտ, աստվածասեր, հեզ ու հանգիստ, ողորմած ու աղքատասեր, անապատականների նման աղոթքների ու աղաչանքների մեջ ճգնող: Որտեղ էլ լիներ, անխափան կատարում էր ցերեկվա և գիշերվա պաշտամունքը, ինչպես վանականները: Եվ փրկչի հարության հիշատակը կիրակի անքուն ոտքի վրա էր անցկացնում: Չափազանց քահանայասեր և ուսումնասեր էր ու աստվածային կտակարանների ընթերցող»:
Խոսելով Գանձասարի եկեղեցու կառուցման մասին՝ Կ. Գանձակեցին գրել է, որ եկեղեցին կառուցել է «Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:
Մեջբերումն աներկբա կերպով վկայում է, որ Արցախի իշխանաց իշխանն ազգությամբ եղել է հայ:
ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ
Թեև պատմիչ Կ. Գանձակեցու խոսքը Հասան-Ջալալ-Դոլայի ծագման վերաբերյալ ավելի քան հստակ է և որևէ հիմք չկա կասկածելու նրա խոսքի ճշմարտացիությանը, քանզի դրանք ականատես վկայի խոսքեր են, այնուամենայնիվ մեր օրերում դեռ կան հետազոտողներ, որոնց համար Արցախի իշխանաց իշխանի ազգային պատկանելության հարցը քննության առարկա է Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը, ցանկանալով պարզել Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը, նամակով դիմել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռոհան քոլեջի պրոֆեսոր, Կովկասի 13-րդ դարի պատմության մասնագետ Ռոբերտ Հյուսենին:
2001թ. հունվարի 10-ին պրոֆեսոր Հյուսենը հանգամանալից պատասխան է ուղարկել Թոմաս դե Վաալին: Գիտնականը, հետազոտելով Հասան-Ջալալ-Դոլայի ծագումնաբանությունը, հանգել է այն եզրակացության, որ այն բացառապես հայկական է` այդ մասին մասնավորապես գրելով. «[Հասան-Ջալալի] նախնիները հայտնի են մինչև չորրորդ դարը` ներառելով հետևյալ ազնվական տոհմերը. հայրական կողմը` (1) Սյունիքի իշխանները (ավելի ուշ` թագավորները): Իր նախնիների հետ ամուսնացած իշխանուհիների գծով Հասան-Ջալալը սերում է (2) Բագրատունիների տոհմի հայոց թագավորներից (Անի մայրաքաղաքով), (3) Արծրունիների տոհմի Վասպուրականի հայոց թագավորներից (Վան մայրաքաղաքով), (4) Գարդմանի իշխաններից»:
ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ
1908 թվականի ամռանը, երբ երիտասարդ հետազոտող Հովսեփ Օրբելին գտնվում էր Թիֆլիսում, Կովկասի թանգարանի տնօրենի օգնական, դոկտոր Շմիդտը նրան ցույց է տվել թանգարանի ժողովրդագրական բաժնում պահվող սառը զենքի երկու բռնակոթեր` երախակալներ, որոնք թանգարանի հիմնադիր տնօրեն, գերմանացի հնագետ, դոկտոր Գուստավ Ռադդեն ձեռք էր բերել 1866թ., ընդամենը 10 ռուբլով:
Այդ երկու առարկաներից մեկը, հաշվառված 851 թվահամարով, չափազանց հետաքրքրել է հայ գիտնականին, քանի որ թանգարանային ցուցանմուշը բնութագրող թերթիկի վրա նա կարդացել է. «թրի նեֆրիտե կոթ հայկական տառերով»:
Առավել հանգամանալից ուսումնասիրություններից հետո, Օրբելին վերծանել է բռնակոթի վրա արված հայերեն հետևյալ փորագրությունը. «ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼ ԻՇԽԱՆ ԽԱՉԵՆՈ»:
Ուսումնասիրության արդյունքում երիտասարդ հետազոտողն իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ բռնակոթը պատկանում է 13-րդ դարի Արցախի հայ թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլային:
Եթե որևէ մեկը ցանկություն կունենա տեսնելու իշխանական այդ երախակալը, կարող է այցելել Թբիլիսիում գտնվող Վրաստանի ազգային թանգարանը` նախկին Կովկասի թանգարանը:
Այսպիսով, անվիճելի է այն փաստը, որ Հասան-Ջալալ-Դոլան սերում է հայոց ամենանշանավոր ու հռչակավոր տոհմերից: Սակայն որտեղի՞ց, այդ դեպքում, նրա օտարահունչ անունը, ի՞նչ են նշանակում այս անհատականության երեք ոչ հայկական անվանումները` Հասան, Ջալալ և Դոլա:
Այս ժամանակների Արցախում և Հայաստանի մյուս մասերում մեծ տարածում գտած ո՛չ հայկական, նույնիսկ ո՛չ քրիստոնեական, օտար անունները, ինչպես Հասան, Վախթանգ, Քուրդ և այլն, զարմանալի չեն լինի, եթե հաշվի առնենք Իրանի, ապա և հատկապես արաբական խալիֆայության, նրանց միջոցով էլ` օտար մշակութային միջավայրերի անհաղթահարելի ազդեցությունը ողջ Հայաստան աշխարհի ու նրա ժողովրդի վրա: Այլ խոսքով ասած, պատմական տվյալ ժամանակաշրջանում արաբերեն լեզուն եղել է բավականին հարգի և ունեցել է մոտավորապես այն արժեքը, ինչ որ անգլերենը ժամանակակից աշխարհում: Այդ պատճառով էլ հասարակության մեջ մեծ հռչակ վայելող մարդկանց կոչել են արաբական անուններով, որպես յուրահատուկ արժանիքի տեր անձնավորությունների, դրանցից են օրինակ Ջալալը, Դոլան և այլն:
Հնում, ինչպես և այսօր, Արցախում ու նաև ամբողջ Հայաստանում, սովորության համաձայն, ավագ որդուն կոչել են պապի անունով: Տվյալ դեպքում հայր Վախթանգ-Տանգիկն ավագ որդուն` Հասան-Ջալալ-Դոլային կոչել է իր հոր` Հասանի անունով:
«Հասան»-ը արաբերեն բառ է, որ նշանակում է «գեղեցիկ տղամարդ»: Արցախի իշխանաց իշխան Հասանին անվանում էին նաև «Ջալալ» և «Դոլա», որոնք նույնպես արաբերեն են: «Ջալալ»-ը նշանակում է «փառք, վեհություն, մեծություն», իսկ «Դոլա»-ն ծագում է «դավլաթ-դովլաթ» բառից և նշանակում է «հարստություն, մեծություն, ինչք, պետություն, իշխանություն»:
Արցախահայությունն իր իշխանապետին` Հասանին, մեծարելով, կոչել է «Ջալալ-Դոլա», որ բառացի թարգմանաբար նշանակում է «փա՛ռք պետությանը», «փա՛ռք իշխանությանը»: Սա, բառացի թարգմանաբար, կարծեք թե, նման է ռուսերեն “славо царю” (փա՛ռք թագավորին) արտահայտությանը: Իսկ իմաստային թարգմանության պարագայում «Ջալալ-Դոլա» արտահայտությունը նշանակում է «պետության փառք», «պետության վեհություն»:
Հարկ է նշել, որ Հասանի եղբայր Զաքարեն էլ է ունեցել համանման անվանում, նա էլ կոչվել է «Նասր-Դոլա», ինչը թարգմանաբար նշանակում է «օգնություն կամ հաղթություն պետությանը»:
Փաստորեն, ինչպես տեսնում ենք, 1214-1261թթ. Արցախի հայ թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան իր անվան մեջ խտացրել էր պետության գաղափարը:
1261 թվականին Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ողբերգական վախճանից հետո Արցախի Ներքին Խաչեն գավառի իշխանական տունը 13-րդ դարի վերջերից սկսած կոչվում է Հասան-Ջալալ-Դոլայի անունով, սակայն առանց «Դոլա»-ի, պարզապես՝ «Հասան-Ջալալյան»: Այս ազգանունն էին կրում նաև այն հոգևոր գործիչները, ովքեր սերում էին այս իշխանական տոհմից և արդեն ժառանգաբար 13-րդ դարի կեսերից իրենց ձեռքում էին կենտրոնացրել Ներքին Խաչեն գավառի եպիսկոպոսական, իսկ 14-րդ դարի վերջերից նաև ողջ Արցախի կաթողիկոսական գավազանը:
Բազմաթիվ հոգևորականներից այստեղ բավական է հիշենք մի քանիսին ընդամենը, որոնց անբասիր գործունեությունը բոլորին է հայտնի. ահա նրանք` Արցախի կաթողիկոսներ Երեմիա Հասան-Ջալալյան, Եսայի Հասան-Ջալալյան, Հովհաննես Հասան-Ջալալյան, Սարգիս Հասան-Ջալալյան, Արցախի մետրոպոլիտ և առաջին թեմակալ առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյան, Արցախի թեմի առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյան…, որոնցից յուրաքանչյուրը թողել է օրինակելի հետագիծ:
1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի սերունդներն այսօր էլ կենդանի են և անպայման տիրոջ իրավունքով ու կարգավիճակով վերադառնալու են իրենց հայրենի բնօրրան:
Այսպիսով, հիմնվելով վերը հիշատակված փաստերի վրա, կարող ենք պնդել, որ կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը ստել և մոլորեցրել է 2026թ. սեպտեմբերի 12-ին գրեթե 800-ամյա հայկական Գանձասարի եկեղեցի այցելած Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին՝ հայտարարելով, թե իբր Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան ունի այսպես կոչված ալբանական ծագում:
ՀԵՏԳՐՈւԹՅՈւՆ
Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալի հետ ունեցած զրույցի ժամանակ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Ֆարիդա Մամեդովան, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղյան պրոբլեմը հնարավոր չէ լուծել առանց ալբանացիների»:
Մեջբերված հայտարարությունն ամբողջությամբ բացահայտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների շինծու և անհիմն լինելը: Իր հայտարարությամբ Ֆ. Մամեդովան խոստովանել է, որ առանց ալբանացիների մասին կեղծ թեզի, Ադրբեջանը որևէ հիմք չունի արդարացնելու իր հավակնությունները հազարամյակների հայկական նկարագիր ու պատմություն ունեցող Արցախի նկատմամբ:
Ֆարիդա Մամեդովայի հայտարարության լույսի ներքո կարող ենք պնդել, որ Հիքմեթ Հաջիևը հավատարիմ է տխրահռչակ պատմաբաններ Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովայի և նմանաբնույթ «գիտնականների» պատմաշինարարությանն ու կեղծիքներին:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ
«ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ» ՀԿ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: