BRICS-ը ներկայումս հզոր շարժիչ ուժ է միջազգային հարաբերությունների և իրական բազմակողմանիության ամրապնդման մեջ․ Պուտին

BRICS-ի հիմնարար արժեքները, այդ թվում՝ անկախ ուղեգծին հավատարմությունը, արձագանք են գտնում աշխարհի շատ երկրներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով BRICS + գագաթնաժողովի ընդլայնված կազմով («outreach») նիստում։

«Այսօրվա հանդիպմանը լայն մասնակցությունը հաստատում է, որ միջազգային հանրության հետաքրքրությունը BRICS-ի գործունեության նկատմամբ շարունակում է աճել։ Աշխարհում շատերը գրավիչ են համարում մեր հիմնարար արժեքներն ու գաղափարները, ինչպիսիք են անկախ և ինքնուրույն ուղեգծին հետևելու մեր հանձնառությունը, ինչպես նաև խնդիրները հավաքականորեն լուծելու ձգտումը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքների վրա», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ «աութրիչ» ձևաչափն արդյունավետ է եղել, քանի որ այն նպաստում է ուղղակի և բաց երկխոսությանը BRICS-ի լիիրավ անդամների և գործընկեր երկրների, ինչպես նաև խմբի հետ համագործակցությամբ շահագրգռված այլ պետությունների և բազմակողմ կազմակերպությունների միջև։ «BRICS-ը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ հօգուտ նրա, որ բոլոր երկրներն առանց բացառության ունենան հավասար և անարգել հնարավորություններ՝ կայուն ու հավասարակշռված տնտեսական և սոցիալական աճի, ինչպես նաև իրենց բնակչության բարեկեցությունն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով իրենց յուրահատուկ ազգային մշակույթներն ու ավանդույթները և հետևելով զարգացման սեփական ինքնիշխան մոդելներին», – ընդգծել է Պուտինը։

Նա նշեց, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առաջարկած հանդիպման թեման լավ է տեղավորվում այս համատեքստում, քանի որ այն հնարավորություն է տալիս քննարկելու, թե էլ ինչ կարող են համատեղ անել խմբի երկրները՝ գլոբալ կայունությունն ու անվտանգությունն ապահովելու և միջազգային ներառական տնտեսական զարգացումը խթանելու համար։

«Կցանկանայի ընդգծել, որ BRICS-ը ներկայումս հզոր շարժիչ ուժ է միջազգային հարաբերությունների և իրական բազմակողմանիության ամրապնդման մեջ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է նոր, ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Կցանկանայի նաև նշել, որ BRICS-ի երկրներում արձանագրվում է բնակչության թվաքանակի տարեցտարի աճ և ներքին շուկաների ամրապնդում. դրանք ստեղծել են տեխնոլոգիական, ֆինանսական և գիտակրթական հզոր կենտրոններ, ինչպես նաև կառուցել են տրանսպորտային, էներգետիկ և թվային ժամանակակից ենթակառուցվածքներ», – եզրափակել է Ռուսաստանի ղեկավարը։

 

 

Leave a comment