Տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արթիկ քրեակատարողական հիմնարկի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու կասկածանքով։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Արթիկ քրեակատարողականի 39-ամյա կալանավոր, գողություն կատարելու և վստահված գույքը հափշտակելու համար դատապարտված Ա․Ս․-ի բողոքի հիման վրա, որը հաղորդում էր ներկայացրել աշխատակիցների դեմ, որ իրեն սեպտեմբերի 3-ին բռնության են ենթարկել։
Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթը Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով է, կոչվում է՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» ու նախատեսում է պատիժ՝ 4-8 տարվա ազատազրկմամբ։
Aravot.am-ի տեղեկություններով, Արթիկի և Անիի քննչական բաժնում ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով, այս անգամ կալանավայրի աշխատակիցների բողոքի հիման վրա։
Աշխատակիցները հաղորդում են ներկայացրել առ այն, որ սեպտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 08․00-ի սահմաններում Արթիկ քրեակատարողական հիմնարկի պատժախցային և կարանտինային բաժանմունքում մեկուսացման մեջ պահվող դատապարտյալ, Արմավիրի մարզի 39-ամյա բնակիչ Ա․Ս․-ն, որ Արթիկ քերակատարողանում է այս տարվա մայիս 29-ից, ոտքերով, ձեռքերով, գլխով հարվածել է խցի դռանը, բղավել, հայհոյանքներ է հնչեցրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների հասցեին ու ղեկավարությունից պահանջել է ընդունելություն։
Աշխատակիցները, սա տեսնելով, նրան ժամանակ են տվել իրեն կարգի հրավիրելու համար, պահանջել են, որ դադարեցնի անօրինական գործողությունները, սակայն նա շարունակել է ագրեսիվ պահվածքը ու կատարել է անկանոն շարժումներ ու նորից հայհոյանքներ է հնչեցրել ծառայակիցների հասցեին։
Բողոք ներկայացնող աշխատակիցները նշել են, որ իրենք դատապարտյալի նկատմամբ ստիպված են եղել կիրառել համաչափ ֆիզիկական ուժ, որի ընթացքում Ա․Ս․-ն նորից շարունակել է ագրեսիվ պահվածքը․ գլխով, մարմնի տարբեր հատվածներով հարվածել է խցի պատերին ու խցում տեղադրված մահճակալի տարբեր հատվածներին։
Ա․Ս․-ին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Ընթանում է նախաքննություն՝ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով հարուցված դեպքի առթիվ։
297 հոդվածը, որը կոչվում է «Խուլիգանություն» ու դասվում «Հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հացագործությունների» շարքում, նախատեսում է հետևյալ պատիժը․
- Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: