Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ հասնելու համար վաստակել է 1.45 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։
Ուրբաթ օրը Խաչանովը 3-6, 6-7 (7-9), 6-7 (6-8) հաշվով պարտվել է մրցաշարի գերմանացի Ալեքսանդր Զվերևին։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 5.5 միլիոն դոլար, որից եզրափակիչի մասնակիցը կստանա 2.8 միլիոն դոլար։ ԱՄՆ բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 108 միլիոն դոլար։
Խաչանովը կրկնել է իր լավագույն արդյունքը ԱՄՆ բաց առաջնությունում։ 2022-ին նա հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովը նաև հասել էր Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ 2023 թվականին։
Կարեն Խաչանովը, 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում կրած պարտությունից հետո, խոսել է այն մասին, թե ինչ է անելու մրցաշարից ստացված մրցանակային գումարը։
«Ինչ վերաբերում է փողին, ես դեռ որևէ ծրագիր չունեմ։ Հաշվի առնելով իմ իրավիճակը և տարիքը, չնայած ես դեռ ինձ երիտասարդ եմ համարում, գուցե պետք է մի փոքր ավելի պահպանողական լինեմ։ Սկսեմ խնայել, այլ ոչ թե միայն ծախսել։ Այնպես որ, գուցե դա է իմ նպատակը հիմա», – Խաչանովի խոսքերն է մեջբերում Punto de Break-ը։
Խոսելով 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից դուրս մնալուց հետո իր ապագա ծրագրերի մասին՝ Խաչանովն ասել է. «Այս պահին ծրագիրը բավականին պարզ է։ Ես վաղը վերադառնում եմ տուն։ Այս ուղևորությունը երկարաձգվել է, գրեթե յոթ շաբաթ հեռու եմ եղել կնոջիցս և երեխաներիցս։
Իրականում, կինս ինձ հետ էր առաջին երկու մրցաշարերում, բայց մենք վաղուց չենք տեսնվել։ Ես իսկապես կարոտում եմ նրանց։
Ըստ էության, ես ուզում եմ հանգստանալ չորս կամ հինգ օր, ապա նստել թիմիս հետ և որոշել, թե որ մրցաշարերում եմ խաղալու Ասիական շրջագայության ժամանակ և Չինաստանում»։