Սեպտեմբերի 10-ին Պրահայում՝ ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպման շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Գիտության դերը դիվանագիտության մեջ» խորագրով նիստին, ներկայացրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններն ու տեսլականը:
Նա անդրադարձել է համաշխարհային բնապահպանական մարտահրավերների հասցեագրման հարցում գիտության և դիվանագիտության փոխլրացնող նշանակությանը։
Աբիսողոմոնյանը շեշտադրել է գիտական տվյալների ու փորձագիտական գիտելիքի կարևոր նշանակությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և որոշումների ընդունման գործընթացում։ Նա նշել է, որ գիտությունը կարող է նպաստել ինչպես արդեն առկա ու ձևավորվող ռիսկերի առավել խորքային գնահատմանը, այնպես էլ դրանց կանխատեսմանն ու արդյունավետ արձագանքների մշակմանը։
Անդրադառնալով COP17-ի նախապատրաստման աշխատանքներին՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի նախագահության որդեգրած ներառական մոտեցումը, որը նպատակաուղղված է եղել կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական ու ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, կանանց, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ինչպես նաև մասնավոր հատվածի լիարժեք ու բովանդակալից մասնակցության ապահովմանը։
Ներկայացնելով COP17-ի շրջանակում ծրագրված միջոցառումները՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը խոսել է «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով Առաջնորդների գագաթնաժողովի մասին։ Դրա արդյունքներով նախատեսվել է ընդունել «Գործողությունների երևանյան կոչ» քաղաքական հռչակագիրը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով կենսաբազմազանության առանցքային նշանակությունը կայուն զարգացման, պարենային անվտանգության, կլիմայական դիմակայունության և բարեկեցության ապահովման համար։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով սահմանված նպատակների ու թիրախների իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի առաջին Գլոբալ վերանայումը։ Նշվել է, որ այդ գործընթացը հնարավորություն է տալու գնահատել գրանցված առաջընթացը, բացահայտել դեռևս առկա բացերը, ինչպես նաև առանձնացնել այն ուղղությունները, որոնցում առավել մեծ ջանքերի անհրաժեշտություն է առաջացել։
Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև COP17-ի շրջանակում Հայաստանի նախաձեռնությունները։ Դրանք ուղղված են բնապահպանական դրական խթանների ընդլայնմանը, տարածքային պահպանության արդյունավետ միջոցների վերաբերյալ փորձի փոխանակման խրախուսմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի զարգացմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ էկոհամակարգերի պահպանության բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Եզրափակելով իր խոսքը՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու փոխգործակցությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների ու միջազգային գործընկերների հետ՝ Երևանում COP17-ի շրջանակում հավակնոտ, ապագային միտված և գործնական արդյունքներ ապահովելու նպատակով։